Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 6 հազար 965 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 6 հազար 89 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 876 դեպքով:
Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 3 հազար 60 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 3 հազար 616: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս աճել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա երեք ամիսներին եղել է 77՝ անցած տարվա 62-ի դիմաց: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտուկ նվազել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես անցած տարվա երեք ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 129 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 60-ի:
Բայց մյուս կողմից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5-ով աճել են՝ 6-ից դառնալով 11: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա երեք ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել:
Անցած տարվա 941 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է հազար 120 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճն հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.