Այսօր կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակն է։ Լեգենդար երգիչը ոչ միայն անջնջելի հետք է թողել համաշխարհային երգարվեստում, այլ նաև իր մեծ ներդրումն ունեցել հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մեջ։
Ֆրանսիացիների հետ մենք չէինք կիսում Շառլին, ֆրանսիացիները Շառլին մեզ հետ չէին վիճարկում։ Նա նույնքան հայ էր, որքան ֆրանսիացի. այդպես էր միշտ ասում ինքը` Ազնավուրը:
Եվ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, թեև պատկառելի տարիքին կյանքով լեցուն և կյանքը լցնող Ազնավուրը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Նրա մահը մեծ վիշտ էր ամբողջ աշխարհի համար, ոչ մի լրատվամիջոց անուշադրության չմատնեց Շառլ Ազնավուրի մահվան մասին վշտալի լուրը։
Եվ դա հասկանալի է։ Նա հսկա արժեք էր, լեգենդ, նա դուրս էր ազգային նեղ շրջանակներից։
ArmLur․am-ը մեծ հայի ծննդյան կապակցությամբ զրուցել է երգիչ, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունը խենթի պես սիրող և գնահատող Հայկ Պետրոսյանի հետ, ով մի ծանր բեռ է վերցրել իր ուսերին` հանձն առնելով կազմակերպել Շառլ Ազնավուրին նվիրված համերգ «Քեզ համար Ազնավուր» խորագրով, որի մասին մանրամասներ է ներկայացրել։
««Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգն առաջին անգամ արել ենք 2017թ․օպերայում Թոփչյանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, մենք մի ձևաչափ էինք մտածել, որ դասական և էստրադային երգիչները միասին դուետներ են կազմում Ազնավուրի երգերով: Սա այն համերգն էր, որի ժամանակ Շառլ Ազնավուրը ներկա էր, նույնը կազմակերպեցինք նաև 2018-ին, այս անգամ ցավոք սրտի առանց Ազնավուրի, շատ տխրեցինք, սկզբից մտածում էինք չանել, բայց հետո մտածեցինք Ազնավուրին նվիրված համերգը կազմակերպելիս մեզ Ազնավուրի պես պետք է պահենք, այն իմաստով, որ նա երբեք դժվարությունների առաջ չի ընկել, այլ հակառակը, եթե ընկել էլ է, ապա նորից բարձրացել և գնացել է առաջ։ Նա ոչ միայն բացառիկ արտիստ, այլ նաև մարդ էր, և Ազնավուրյան շնչով կպանք գործի, ու արեցինք երկու շատ լավ մեծ համերգ։ Վերջին համերգին, որին մասնակցեց նաև Վարդան Պետրոսյանը՝ հայրս, ով մինչ այդ կալանքում էր գտնվում, և դա տարբերվեց մյուս համերգներից նրանով, որ դա եղավ նրա առաջին վերադարձը բեմ։ Շառլ Ազնավուրը՝ Վարդան Պետրոսյանին բերեց բեմ, ու այսպես շատ հուզիչ էր»,-հայտնում է երգիչը։
Հայկ Պետրոսյանը նշեց, որ 2020 թվականին կրկին ուզում են համերգ կազմակերպել, որի կազմակերպելը դժվարացել է այս համաճարակի պատճառով:
«Իր գրքերից մեկում Ազնավուրը պատմում է, որ մեկ-երկու անգամ ինքնասպանության միտք է գլխով անցել, մոտ 20 տարի պայքարել է, որ դառնա այն Շառլ Ազնավուրը, որ մենք գիտենք, և դրա հետ 60 տարի էլ մնաց այդ բարձունքին։ Ես կուզենայի ամենակարևորն այս օնլայն համերգի միջոցով փոխանցել հանդիսատեսին` նրա չպարտվող ոգին։ Հիմա այնպիսի ժամանակ է, որ ամեն ինչ գնալով էլ ավելի է դժվարանալու, հոգեբանական, տնտեսական, ֆինանսական, քաղաքական առումով, և կարծում եմ հերոս մարդու օրինակով, ինչպես Գարեգին Նժդեհն է քաղաքական-պատմական պայքարում, այնպես էլ բեմական կյանքում Շառլ Ազնավուրը մի յուրահատուկ Նժդեհ է, որը բոլոր դժվարությունները հաղթահարել է: Նրա կյանքից մի քանի դրվագներ պատմելով` կարծում եմ` կարող եմ մարդկանց ոգեշնչել»,-ընդգծեց Հայկ Պետրոսյանը։
Լիդա Եղիազարյան