ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԱՏԺԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ թիմակիցների համար տարօրինակ ելույթ էր ունեցել։ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման օրը հանկարծ սկսեց «գոռգոռալ». «21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», – նշել էր նա: Ավելի ուշ Արման Թաթոյանը բացատրեց. «Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը եւս կա նվիրված բաժին»: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի այն մեղադրանքներին, թե՝ «մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, եւ Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է», ապա ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Օմբուդսմենի գրասենյակը պաշտպանում է քաղաքացիներին իշխանությունից, այլ ոչ թե հակառակը՝ հորդորելով չսպառնալ իրեն:

Եվ որքան էլ երիտասարդ պատգամավորը փորձի հերքել, թե ինքը չի սպառնացել կամ նման մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, փաստերն ու նրա ելույթում տեղ գտած արտահայտություններն այլ բան են ասում։Եվ պարզվում է, որ պատգամավորը կատարել է արարք, որը ենթակա է պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 332.3-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ պատգամավորի արարքը, ըստ էության, չպետք է անհետեւանք մնա: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք ընթացք է տրվելու պատգամավորի ելույթում տեղ գտած մտքերի հետ կապված, թե դրանք կդիտարկվեն վիրավորանք կամ ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության  հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Տեսանյութը ընդհանուր դիտարկման ենթարկվել է, դրանում պատգամավորի կողմից ՄԻՊ-ին ուղղված առերեւույթ սպառնալիք պարունակող արտահայտությունների վերաբերյալ տվյալներ չեն եղել: Բացի այդ, ՀՀ դատախազությունը չի ստացել ՄԻՊ-ին սպառնալիք հասցնելու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում»: Իսկ, ահա, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մեր բոլոր հեռախոսազանգերն ու նամակները թողեց անպատասխան:

 

 

 

Երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին երկրորդ անգամ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետի պաշտոնը, ապա ազատվել էր Սերժ Սարգսյանի հրամանով թերացումների պատճառով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանին երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրելու պատճառները կապված են Սերժ Սարգսյանի այցի հետ: Բանն այն է, որ ապրիլի 16-ին հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ հակահետախուզության մասին եւ հանձնաժողովին նոր տեղեկություն տրամադրել՝ այդ օրերի իրադարձությունների հետ կապված, ինչի համար էլ հանձնաժողովականների մոտ շատ հարցեր են առաջացել, եւ նրանք որոշել են կրկին հանձնաժողով հրավիրել Կարապետյանին: Մենք տեղեկացանք, որ երեկվա հանդիպման ժամանակ Կարապետյանից հետաքրքրվել են Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունների մասին եւ պարզաբանումներ պահանջել, ինչին ի պատասխան՝ վերջինս շատ պատրաստակամ ներկայացրել է տեղի ունեցածը եւ պատասխանել հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամների մոտ դժգոհության տեղիք է տվել, որ արդեն երրրոդ նիստն է, ինչ բացակայում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Հանձնաժողովականներից շատերի կարծիքով՝ այս հանձնաժողովի նիստը քաղաքական բնույթ չի կրում, անվտանգության հարցերի համար է ստեղծված, եւ տարակուսելի է եղել ընդդիմադիրների նման պահվածքը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումից հետո նա, ըստ ամենայնի, նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում: Նախ՝ նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաեւ ՀՔԾ-ի լուծարում, եւ բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեին, սակայն վերջին պահին որոշել են կառույցը պահպանել, սակայն փոքր լիազորություններով: Իսկ, ահա, նոր ստեղծվելից Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սասուն Խաչատրյանը 2021 թվականին կստանձնի հենց այս կոմիտեի նախագահի պաշտոնը: Եվ լուրեր կան, որ ՀՔԾ-ից նրա դուրս գալը այլ խորքային ու անհարմար պատճառներ ունի։ Ամեն դեպքում, մեկնաբանության համար դիմեցինք ՀՔԾ, սակայն այնտեղից նշեցին. «Բամբասանքները չենք ցանկանում մեկնաբանել»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ այն ուղարկվել ԱԺ: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը ՀՀ-ում 2019թ. արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019թ. համար ծրագրված մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019թ. ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7.6 % իրական աճի պարագայում ՌԴ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի 1.3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1.2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2.3% իրական աճ, եւ Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5.1 % իրական աճ։ Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019թ. կազմել է 8154.1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ. համեմատ աճելով 10.6 %-ով: Միջին գնաճը 2019թ. արձանագրվել է 1.4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3.5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019թ. կազմել է 0.7 տոկոս: Այսինքն՝ 2019թ. ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել: Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել:

 

 




Լրահոս