Երեկ ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ օդաչու, օդանավի հրամանատար Վլադիմիր Սարգսյանը, որն աշխատում է Ղազախստանի Հանրապետությունում, իսկ մինչ այդ աշխատել է «Արմավիա» ընկերությունում, սակայն այս ընկերության հետ կապված խնդիրներից հետո տեղափոխվել է Ղազախստան, որտեղից հրավեր էր ստացել աշխատելու տեղական ընկերություններից մեկում: Մասնավորապես, օդաչուն զարմացած էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 14-ին արված հայտարարությունից: Այդ ժամանակ փոխվարչապետը նշել էր. «Այսօր հեռախոսային կոնֆերանս եմ անցկարցել Wizz Air ավիաընկերության ղեկավարության հետ: Քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը, անդրադարձել պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպմանը եւ վերագործարկմանը»:
Օդաչուն մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս որոշմամբ ավարտվելու է Հայկական քաղավիացիայի գործունեությունը: «Նրա այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի քաղավիացիայի վերջն է լինելու: Դա նշանակում է, որ երբ Wizz Air-ը գա Հայաստան, այլեւս ոչ մի հայկական ընկերություն չի կարող գործել: Նաեւ տեղեկություն կա, որ առաջարկել են հայ օդաչուներին աշխատել այդ ավիաընկերությունում, եթե նրանք լինեն եվրոպական սիթիզեն: Այսինքն՝ դա նշանակում է, որ մենք Հայաստանում աշխատելու համար պետք է դառնանք եվրոպացի: Սա էլ նշանակում է, որ մենք դրսում աշխատում ենք ուրիշների համար, իսկ ուրիշներն էլ պետք է գան, մեզ համար աշխատեն, ու մենք հպարտ կանգնենք, նայենք», – նկատեց նա:
Ինչպես արդեն նշեցինք, նա այժմ աշխատում է Ղազախստանում, եւ, օդաչուի խոսքով, Հայաստանում աշխատելու խնդիրներն առաջացել են դեռ 2013 թվականից: «Այն ժամանակվա կառավարության որոշման պատճառով ընդունվեց ազատ երկնքի քաղաքականություն, կասեցվեց «Արմավիա»-ի աշխատանքը, իսկ հիմա էլ վերջնականապես կետ են ուզում դնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գործունեության վրա։ Կոնկրետ իմ եւ իմ ընկերների համբերության բաժակը լցվել է, մեզ հույս տվեցին, ասեցին, որ կբացվի հայկական ավիաընկերություն, կստեղծվեն աշխատատեղեր, կզարգանա հայկական ավիացիան, եւ մենք հնարավորություն կունենանք գալ ու աշխատել Հայաստանում, բայց փաստն այն է, որ ներկա պահին ամեն ինչ արվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիա գոյություն չունենա, եւ իրենց օդաչուներ պետք չեն», – հավելեց նա:
Օդաչուն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեր միջոցով ցանկանում են իրենց պահանջները ներկայացնել կառավարությանը: «Ցանկանում ենք հասնել նրան, որ ՀՀ կառավարությունը վերջապես կազմակերպի հանդիպում, եւ ներկայացնենք մեր պահանջները։ Դրանցից առաջինն է՝ հասնել նրան, որ՝
l ետ կանգնեն ՀՀ քաղավիացիայի կործանման ծրագրից,
l կոմիտեի նախագահ պետք է լինի ՀՀ քաղաքացի եւ ավիացիայի մասնագետ, փորձ ունեցող մարդ,
l պահանջում ենք կառավարությանը հանդիպում կազմակերպել կամ խորհրդակցություն՝ քննարկելու բոլոր հարցերը՝ կապված քաղավիացիայի հետ:
Մեր պահանջն է ստեղծել ազգային ավիափոխադրող, որը, սակայն, ասում են, թե անհնարին է, եւ մենք չենք կարող ստեղծել։ Սակայն սա մի ամբողջ կոմպլեքս է, այնտեղ կան բժշկական, ուսումնական ծառայություններ, որը կարծես փորձ է արվում վերացնել, որ չգործի»,- ներկայացրեց օդաչուն։
Նշենք, որ այս ընկերության՝ Հայաստան մուտքի մասին պարզ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին, եւ հաղորդվել էր, որ Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երեւանից դեպի Վիեննա եւ Վիլնյուս: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսից էլ կատարվելու են Լառնակա-Երեւան-Լառնակա թռիչքներ: Բոլոր ուղղությունների համար էլ նախատեսվել է շաբաթական 2-ական չվերթ: Եվ այժմ էլ Ավինյանը հայտնել է, որ քննարկվում է արդեն Հայաստանում բազայի հիմնման հարցը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ArmLur.am-ին են դիմում եւ դժգոհում ավիացիայի ոլորտի մասնագետները: Դեռ 2018 թվականին գրել էինք, որ ավիացիոն ոլորտի մասնագետները տեւական ժամանակ փորձել են ազգային ավիափոխադրող ունենալու հարցով հանդիպել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ում համակարգման տիրույթում է խնդիրը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակ չէր գտել հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:
Այն ժամանակ եւս ավիացիոն ոլորտի մասնագետների կողմից բարձրացրած թիվ մեկ խնդիրը ազգային ավիափոխադրող ունենալն է: Մասնագետները բարձրաձայնում են` Հայաստանի ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին, ու հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացից հետո ոլորտը տրվեց «Արմավիա»-ին, ապա մի քանի տարի անց «Արմավիա»-ն սնանկացավ: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն` «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն` հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը` ամբողջությամբ տրվեց օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում հիմա սեփական ավիաընկերություն չունենք:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՎԵԼ Է
Մայիսի 18-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ
Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաեւ մայիսի 23-ին եւ 24-ին (շաբաթ եւ կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30:
ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Տիգրան Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:
ԵԿԵԼ ԵՆ
Վրաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ դեսպանատունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհել է Հայաստան: Մայիսի 18-ին կազմակերպվել է Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան: Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը եւ հանվել է մուտքի ու ելքի արգելքը: Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետեւ կարող են մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով:
ՄԻԱՅՆ ԱՆԿԱՆԽԻԿ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություն է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Այս հարցն այսօր քննարկվելու է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, օրենքում ամրագրվում է, որ այսուհետ կենսաթոշակը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով՝ բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»: Նկատենք, որ այս փոփոխությունը ներկայացվել էր դեռ հունվարին, սակայն նախագծի քննարկումը հետաձգվել էր:
ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՎՈՒՄ
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, եւ այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է: Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայությունը»: Այնուհետեւ Միսկարյանը հայտարարել է, թե ինքը 2018 թվականին դուրս է եկել փողոց համակարգային փոփոխությունների պահանջով, եւ այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջը մնում են որպես ՀՀ քաղաքացու իր օրակարգում:
«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարեգին Միսկարյանս, սկսում եմ իմ պայքարը հեղափոխական ամբիոնից ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի եւ հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ: Կա՛մ նա սկսում է իրական դատական համակարգի բարեփոխումների ծրագիր, կա՛մ ես օրենքի եւ իրավունքի սահմաններում ամեն ինչ անելու եմ՝ օր առաջ նրանից ազատվելու եւ իրական հեղափոխական օրակարգը կյանքի կոչելու համար»,-նշել է Միսկարյանը: