ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ՝ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամիս տեւած դադարից հետ մայրաքաղաքի մոլերը, առեւտրի կենտրոնները երեկվանից, աշխատում են: Ահա, պարետատան որոշմամբ, երեկվանից առեւտրի կենտրոնները կաշխատեն, սակայն հետեւելով անվտանգության կանոններին:

 

Առեւտրի կենտրոնների գործունեության համար համապատասխան կանոններ են սահմանվել, օրինակ՝  բոլոր տարածքներում օրական առնվազն երկու անգամ պետք է ախտահանում ու օդափոխություն իրականացվի: Պարերտատան պահանջով՝ նաեւ աշխատողները օրական նվազագույնը երկու անգամ պետք է ջերմաչափվեն, հաճախակի լվացվեն, պարտադիր կրեն դիմակ եւ ձեռնոցներ:

Այսպիսով, ի՞նչ կանոններ են առկա առեւտրի կենտրոններում.

  1. ընդհանուր կանոններ՝

1) անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 եւ բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին եւ այցելուներին անվտանգ վարվելականոնների եւ սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու եւ/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

  1. Տարածքի ախտահանումը՝

1) բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ: Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

2) Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները եւ բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

3) Տարածքը պարտադիր օդափոխվում է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով:

4) Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով:

5) Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

  1. Անձնակազմի համար կանոններ՝

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով

համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր եւ մանրակրկիտ լվացման, չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի եւ օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

3) Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով եւ ջրով՝ առնվազն 20 վայրկյան տեւողությամբ, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:

4) Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ եւ ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

  1. Հաճախորդների սպասարկման կանոններ՝

1) արգելվում է հաճախորդների մուտքը տարածք առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների:

2) Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք մինչեւ ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

3) 20 քառակուսի մետր եւ ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչեւ 20 քառակուսի մետր մակերես  ունեցող առեւտրի օբյեկտներում՝ միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:

4) Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու եւ սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

5) Յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-12:00-ն, սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

Ն.Հ.

 

 

ՀԱՐՑԱԿԱՆ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսելով հեռավար կրթության համակարգի մասին, նշել էր. «Ըստ էության, մենք այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, երեխաները կավարտեն դասարանները, դպրոցը: Մենք հեռավար կրթության ամբողջական համակարգ կունենանք մինչեւ աշուն, որովհետեւ մեծ հավանականություն կա, որ աշնանը եւս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի: Վարչապետի այս հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք էր տվել, եւ շատերն էին հետաքրքրվում՝ ի վերջո ինչպես է իրականացվելու կրթությունը նոր ուսումնական տարում եւ, ամենագլխավոր հարցը՝ առաջին դասարանցիների ընդունելություն կատարվելու է, թե ոչ: Հարցերին պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե առաջին դասարանցիների ընդունելություն առկա է առցանց համակարգով, եւ ոչինչ չի փոխվել: Իսկ անդրադառնալով արդեն նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ նա նշեց, թե այս պահին ոչինչ չի կարող ասել, սակայն առաջին դասարանցիների գրանցումը լինելու է: Իսկ ինչպես է տեղի ունենալու գործընթացը. մայիսի 8-ից բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը: Ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով: Սակայն սա ընդամենը ստուգում է, ոչ թե բուն հայտագրումը: Հայտագրումը մեկնարկելու է հունիսի 1-ին առաջնահերթություն ունեցողների համար: Հունիսի 11-ից սկսած՝ համակարգը բաց կլինի բոլորի համար:

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐ

Երեւանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից վերսկսել է  աշխատանքը: «Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով եւ ձեռնոցներով: Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում: Ելնելով անվտանգության նկատառումներից՝  կլինեն նաեւ սահմանափակումներ այգու ներսում: Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին: Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը. կլինեն վերահսկող պատասխանատուներ: Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը: Երեւանի կենդանաբանական այգուց հորդորում են նախօրոք զանգահարել եւ ամրագրել մուտքի տոմս՝ ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով: Այգին կգործի ամեն օր՝ ժամը 11:00-19:00-ը: Ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը:

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության պարետի որոշմամբ, մայիսի 20-ից աշխատելու են նախադպրոցական կրթության բոլոր կազմակերպությունները, սակայն աշխատանքները կատարվելու են որոշ կանոններով: Ըստ այդմ, պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Սակայն նկատենք, որ սահմանափակումները դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ ծնողների շրջանում: Խոսքը վերաբերում է հատկապես բուժաշխատող մայրերին, ում երեխաներին հրաժարվում են ընդունել մանկապարտեզներում: Նրանց տեղեկացրել են, որ իրենք չեն կարող իրենց երեխաներին բերել մանկապարտեզ անգամ աշխատելու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու դեպքում: ArmLur.am-ին ահազանգեցին, թե պատճառաբանում են այնպես, որ բուժաշխատողները գտնվում են ռիսկային գոտում: Միեւնույն ժամանակ նկատենք, որ բողոքում են անգամ չաշխատող մայրերն այն որոշման դեմ, որ իրենք չեն կարող երեխաներին տանել մանկապարտեզ: Սակայն ոչ բոլորը կարող են իրենց երեխաներին տանել մանկապարտեզ: Ըստ այդմ, եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ եւ գտնվել են մեկուսացման եւ/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ

ArmLur.am-ի հետ զրույցում Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը նշեց՝ համայնքում մի ընտանիք կա՝ կորոնավիրուսային վարակով վարակված, բայց դեռ հաստատված չէ, թեստավորել են, բայց պատասխանը դեռ չգիտեն: «Ընտանիքի անդամներին մեկուսացրել են Ծաղկաձորում: Տղամարդը 42 տարեկան է, մեկուսացված է նաեւ աներձագի ընտանիքը»,- ասել է համայնքի ղեկավահո: Նրա խոսքով՝ տղամարդու վարակի հնարավոր աղբյուրը շինարարական կազմակերպությունը կարող է լինել, որտեղ նա աշխատել է: Տղամարդն աշխատել է Սպիտակ քաղաքում: Նշենք, որ Հայաստանում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել:

 

 




Լրահոս