Այսօր արդարադատության նախարարությունը պարզաբանել է «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրսգրման հանգամանքները: Արդարադատության նախարարությունից հայտնել էին.
«Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին»։
Հարց է առաջանում, թե որտեղ է այս պահին գտնվում Գագիկ Խաչատրյանը: ArmLur.am-ը դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը` հասկանալու, թե որտեղ է այս պահին գտնվում Գագիկ Խաչատրյանը: Եվ ահա ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այս պահին ՊԵԿ նախկին նախագահն այնտեղ է:
Հավելենք, որ բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։