Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս տարվա ընդունելության կարգը գրեթե ամբողջությամբ փոխվել է` համապատասխանեցվելով Պարետատան սահմանած կանոններին և Առողջապահության նախարարության ցուցումներին:
Պատասխանելով վարչապետի հարցին` ինչպես է որոշվել, թե դիմորդը որ մասնագիտության համար ինչ քննությունն է հանձնելու, ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է բուհերի հետ և յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված երկու կամ երեք պարտադիր քննական առարկաներից ընտրվել է մեկը: Այն մասնագիտությունները, որոնց համար նախատեսված են եղել կամընտրական քննություններ, առարկայի ընտրությունը թողնվել է դիմորդի հայեցողությանը:
Կատարված կարևոր փոփոխություններից է նաև առաջին հայտի գերակայության սկզբունքի ուժեղացումը. «Մենք այս տարվանից սկսած, հետագա տարիների համար ևս անում ենք մի կարևոր ամրագրում. դիմորդները պետք է մեծ կարևորություն տան մասնագիտության ընտրությանը, ուստի ընդունելության մրցույթի ժամանակ առաջին հայտը կլինի գերակա: Դիցուք, եթե ուսանողը դիմելու է արվեստաբանության ֆակուլտետ, ապա նա մրցույթի ժամանակ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգում ունենալու է գերակայություն»,- նշել է նախարարը: Հայտերի ընդունելության գործընթացի ամբողջական թվայնացումը ևս առաջին անգամ է փորձարկվում. դիմորդները հայտը ներկայացնելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային:
Գործընթացի կազմակերպման ընթացակարգը և ժամկետները համաձայնեցված են նաև Պաշտպանության նախարարության հետ, որ զորակոչիկները և զորացրվող զինծառայողները ևս հնարավորություն ունենան դիմել բուհեր: