ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որեւէ ձեւով խորհրդարանում լուծելու տարբերակը, եւ այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որեւէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: Չնայած դրան՝ կար դրույթ, որով էլ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ, ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում քվեարկության միջոցով:  «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, սակայն նա նշեց. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող: Հրապարակման ենթակա նորություն լինելու պարագայում անպայման կտեղեկացնեմ»: Նշենք, որ ի սկզբանե՝ մինչեւ հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը եւս  քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ, ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել:

 

 

 

Մայիսի 16-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, «ժողովուրդ» օրաթերթը կառավարության ղեկավարին հարց էր ուղղել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շուրջ՝ հետաքրքրվելով նաեւ, թե, օրինակ, ինչ է սպասվում Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության եւ Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, երբ արդեն գրավադրված են նրանց գույքերը: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել էր. «Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազության ներսում արդեն քննարկումներ կան, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: որպես ամենահավանական թեկնածու՝ շրջանառվում է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մելքոնյանի անունը: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ճշտելու ինֆորմացիան, որտեղից հայտնեցին. «Այս փուլում այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելիք դատախազների, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է: Ամբողջ համալրման գործընթացը լինելու է հրապարակային, մրցակցային, եւ բոլորը տեսնելու են՝ ովքեր են դիմել եւ ովքեր են նշանակվել», – նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նկատենք, որ չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրել է մայիսի 11-ին, եւ այն պետք է ուժի մեջ մտնի 10 օր անց, այսինքն՝ մայիսի 21-ից, սակայն  ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է սկսվել միայն Գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Եվ ինչպես պարզվեց, այդ օրն այնքան էլ մոտ չէ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաեւ խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների՝ որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ ուղարկելու ուղղությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռեւս քննարկվում է:

 

 

 

COVID-19 համավարակով պայմանավորված՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական գների ինդեքսի հաշվարկումն այլ կերպ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 427 անվանում ապրանք-ծառայություններից գների արձանագրում իրականացվել է 386-ի գծով: Մնացած 41 ապրանքծառայությունների վերաբերյալ տվյալները բացակայել են: Կոմիտեից տեղեկանում ենք, որ արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափակումները հանգեցրել են մանրածախ առեւտրի եւ ծառայություն մատուցող բազային որոշ կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցմանը, ինչն անհնար է դարձրել որոշակի ապրանքների կամ ծառայությունների գների գրանցումը: ՀՀ սպառողական շուկայում գնադիտարկումներն իրականացվում են շուրջ 4500 կազմակերպություններում: Դրանցից պարենային ապրանքների գծով դիտարկվում են շուրջ 620-ը:  Միեւնույն ժամանակ շուրջ 3880 ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններից շուրջ 1800-ը կամ 46.4%-ը ժամանակավորապես փակ են եղել: Արդյունքում դրանցում գների գրանցում չի իրականացվել: Միեւնույն ժամանակ կոշիկ եւ հագուստ, խոշոր եւ մանր կենցաղային տեխնիկա, շինանյութեր, կահույք, ինչպես նաեւ հանրային սնունդ մատակարարող կազմակերպություններն ունեցել են առեւտրի առցանց հարթակ, ինչի արդյունքում հնարավոր է եղել իրականացնել գների դիտարկում:

 




Լրահոս