Երեկ ԱԺ-ն արտահերթ նիստ անցկացրեց: Օրակարգում մեկ հարց էր՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, փոփոխություն է արվում: Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ կորոնավիրուսի սահմանների եւ դրանով վարակված անձանց թվի ավելացումը առաջացնում է անհրաժեշտություն իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ եւ շարունակական միջոցառումներ, որոնց իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակման:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները ենթարկվում են որոշ ժամանակավոր սահմանափակումների: Այդ սահմանափակումների պահպանումն ապահովելու նպատակով անհրաժեշտ էն սահմանափակումների խախտման իրավական հետեւանքներ, այսինքն` օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, որոնք համաչափ կլինեն խախտման բնույթին: Ուստի անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերի միջոցով ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը: Ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ եւ պահանջներ, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, քանի որ հիվանդ եւ վարակի տարածման վտանգ կրող, մասնավորապես, վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում գտնվող անձանց կողմից հաճախ չի ապահովվում սահմանված պահանջների կատարումը, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով: Ինչպես բխում է առկա կարգավորումից, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար եւս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից: Նշվում է, որ առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը եւ կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել: Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: Երեկ այս մասին նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում էր բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, հետաքրքրվեց՝ այսինքն բաց տարածքներում տուգանքը դառնում է 10 հազար դրամ, իսկ փակ տարածքներում տուգանք չի լինելու արդյոք: Փոխնախարարը հիշեցրեց՝ փոխվարչապետի՝ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետեւաբար նախագիծը վերաբերում է կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ: Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, եւ նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը:
Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարող է արդյոք տուգանել ընկերության տնօրենին հաճախորդի դիմակ չունենալու համար: Փոխնախարարը նշեց՝ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են, այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ: Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են ազատ տեղաշարժի մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ, սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք ունեն երկու եւ ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Երկու երեխաներ ունենալու դեպքում անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն դրամն է, որը կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով եւս 5-ական մլն դրամով: Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռքբերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը: Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի եւս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:
ԴԺՎԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս պահին դժվար է գնահատել, թե քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ ունենք ՀՀ-ում գործող, քանի հյուրանոցային օբյեկտ ունենք: «Եթե այսօր ունենայինք ոլորտում վստահ վարչական ռեգիստր, լիցենզավորված լինեին ոլորտում անհրաժեշտ գործունեության տեսակները, զբոսաշրջային տրանսպորտը եթե ոչ լիցենզավորում, ապա գոնե հաշվառում անցներ, դրանով ե՛ւ մրցակցային միջավայրը կպահպանենք, ե՛ւ գործարար ներդրումային միջավայրը կբարելավենք, ե՛ւ կայուն զարգացման հիմքերը կամրապնդենք»,-ասել է նա: Այն հարցին, թե ինչու մինչեւ հիմա դա չի արվել, նա պատասխանել է. «Դա կապված է եղել պարտադիր հաշվառման, ընդհուպ մինչեւ լիցենզավորման հետ: Դա քննարկվում էր անգամ մինչեւ հեղափոխությունը: Մենք հասկացանք, որ ժամանակը եկել է ոլորտում լիցենզավորում ներդնելու: Կառավարությունում այս առիթով տարբեր կարծիքներ կային. կար տեսակետ, որ դա լրացուցիչ բեռ է տնտեսվարողի համար, որ սահմանափակում է մտցնում, «Doing Businnes»-ի տրամաբանությանը չի համապատասխանում: Ի վերջո, եղավ քննարկում կառավարությունում ոլորտի կազմակերպությունների մասնակցությամբ, որոնք ոչ միայն պատրաստ են, այլեւ ցանկանում են այդ բեռը վերցնել»,-ընդգծել է նա:
ՎԵՃԸ ՀԱՍԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 13-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականի համաձայն Աչաջուր համայնքի բնակիչ Ռուբեն Աթաբեկյանի դիմումով բարձրացված հարցերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Այդ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանը, հանձնաժողովի անդամներ են նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը եւ ավուշի մարզպետարանի աշխատակազմի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը:
Մարզպետն աշխատանքային խմբին հանձնարարել է 2 օրվա ընթացքում ուսումնասիրություն կատարել Ռուբեն Աթաբեկյանի դիմումով բարձրացված հարցերի վերաբերյալ եւ ներկայացնել տեղեկատվություն: Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի հետ: Նա հայտնեց, որ 62-ամյա Ռուբեն Աթաբեկյանը երկար ժամանակ բնակվել է Ռուսաստանում, մոտ երկու տարի առաջ վերադարձել է հայրենի գյուղ: Դեռեւս խորհրդային տարիներին՝ 1980-ական թվականներին, Ռուբեն Աթաբեկյանը իր տնամերձ հողամասից 1338 քառակուսի մետր տրամադրել է իր տան մոտ ձգվող, թաղամաս տանող ճանապարհ կառուցելու համար: Համայնքի ղեկավարն ասաց, որ ներկայումս այդ ճանապարհն օգտագործվում է որպես համայնքային ճանապարհ եւ որպես այդպիսին նշված է համայնքի քարտեզում: Ռուբեն Աթաբեկյանը ցանկանում է մեծ դարպաս դնել այդ ճանապարհին, որպեսզի այն լինի իր սեփականությունը, ինչին դեմ են այդ ճանապարհից օգտվող թաղամասի բնակիչները: Ռուբեն Աթաբեկյանի դիմումում բարձրացված երկրորդ խնդիրը առաջացել է իր հարեւանի՝ նրա հարազատ հորեղբոր ընտանիքի հետ կապված անհաշտ հարաբերություններից:
Ռուբեն Աթաբեկյանի տունը սնուցող խմելու ջրագիծը, ինչպես նաեւ 4 այլ ընտանիքների ջրագիծը ձգվում է Ռուբեն Աթաբեկյանի հորեղբոր սեփական տարածքով: Նրա հորեղբայրը Ռուբեն Աթաբեկյանի ընտանիքի հետ լարված հարաբերություններ ունի, անջատել է ջրագիծը, այդ պատճառով առաջացած վեճի հետեւանքով ոստիկաններ են ժամանել Աչաջուր, սակայն խնդրին լուծում չի տրվել: Խնդրի լուծում կարող է լինել այն, որ ջրագիծը դուրս բերվի Ռուբեն Աթաբեկյանի հորեղբորը պատկանող հողամասից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ