Լուսանկարն արվել է Տիգրան Մեծ փողոցում
Արդեն մի քանի օր է՝ Տիգրան Մեծի փողոցի ամենաբանուկ հատվածում «ապրում է» այս ահռելի փոսը։ Նախօրեին փոսի մոտ մի արկղ ու ծառի ճյուղ էր դրված՝ որպես հուշող միջոց վարորդներին, որ զգուշանան։ Ըստ պատկան մարմինների տրամաբանության՝ վարորդները քաջատեղյակ են փոսի մասին, հետեւաբար հարկ չեն էլ համարել որեւէ ճանապարհային նշան փակցնել։ Հուսանք՝ վարորդների համար ստեղծված այս վթարային իրավիճակը հնարավորինս շուտ կլուծվի, հակառակ դեպքում ավտովթարներից ու ողբերգական պատահարներից խուսափել չի լինի։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը երբ է սահմանված:
Հարություն Գրիգորյան(55 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Ռիտա Մնացականյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը՝ լուսանկարով տեղեկանք` ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին, արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր, միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները, ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):