ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաեւ Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:  «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելն է, եւ դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետեւ այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը կտրել է իրարից, եւ այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Այսինքն՝ դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի միացում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովի իրավաբան-գիտնականներն ուսումնասիրում են միջազգային փորձը, քննարկումներ անցկացնում, թե որքանով է նպատակահարմար ի վերջո նման որոշում կայացնել: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովում նման քննարկումների առկայությունը, սակայն նշեց. «Բայց պետք է ասեմ, որ դեռ միանշանակ որոշված չէ, որ միավորվելու է, եւ նաեւ չի բացառվում, որ մենք գանք այն եզրահանգման, որ այդուհանդերձ արժի թողնել այն ձեւը, որը կա: Պետք է խորքային եւ մասնագիտական քննարկումներ լինեն, եւ դրանք հիմա ընթանում են: Այլ երկրների իրավիճակն է ուսումնասիրվում. դրանով զբաղվում են իրավաբան-գիտանականները», – հավելեց նա: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը եւս հաստատեց, որ նման քննարկումներն ընթանում են, եւ որոշումը պետք է ներկայացնի հանձնաժողովը: «Գերագույն դատարանի ստեղծման հարցը սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննվող հարց է: Առաջիկայում հանրությունը կտեղեկացվի հանձնաժողովի կողմից քննարկվող բոլոր հարցերի մանրամասներից», – նշեց նա:

 

 

 

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ավելանում են միջնորդությունների թիվը դատարաններին, որոնցով պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով իրավիճակն ու բարձր ռիսկայնությունը: Երեկ էլ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այդպիսի դիմում է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Իսկ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մի քանի մեղադրյալներ չէին ներկայացել նիստին եւ կրկին դիմել էին դատարան՝ նշելով, որ գտնվում են ռիսկային խմբում եւ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, չեն կարող ներկայանալ, սակայն դատարանը անարժանահավատ էր համարել նրանց դիմումը եւ բերման ենթարկելու որոշում կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խնդրի առջեւ են կանգնել նաեւ ՀՀ քննչական մարմիները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմիները տարբեր քրեական գործերով նախաքննական մարմին են հրավիրում տարբեր անձանց՝ վկայի, կասկածյալի կամ այլ կարգավիճակով, սակայն ծանուցում ստացած վկաները, կասկածյալները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին՝ նույն պատճառաբանությամբ՝ ասելով, թե իրենք գտնվում են ռիսկային խմբում ու չեն կարող ներկայանալ: Եվ, ահա, նախաքննական մարմին էլ, այլ ելք չունենալով, վերջիններիս պատասխանը հիմք է ընդունում եւ սպասում է՝ իրավիճակը մեղմանա, նոր հրավիրեն նրանց հարցաքննության, ու այսպես մի շարք քրեական գործեր դոփում են տեղում: Իսկ կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, դեռ 5 տարի կարող է ակտիվ մնալ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչները հանրային ձեւով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում՝ Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, ներքին խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սմբատ Գոգյանից պարզել՝ արդյոք ինքը տեղյակ է իր դիմումի ճակատագրից, սակայն վերջինս հայտարարեց, թե որեւէ տեղեկություն չունի: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դիմումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից, որը մեզ հետ զրույցում նշեց. «Վարչապետն իր վերջին  մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն արդեն հայտնել է այն պաշտոնյաների մասին, որոնք սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից։ Երբ որոշում լինի, Դուք դրա մասին կտեղեկանաք»։

 

 

 

Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ՝ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաեւ հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու: Դեռ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի պատճառներ կան: Նախ, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, հաճախ է անհրաժեշտ լինում արտահերթ կամ հատուկ նիստ հրավիրել եւ փոփոխություններ անել նախկինում ընդունված որոշումներում: Բացի այդ, Ազգային ժողովը դեռ պետք է քննարկի նախագծեր, որոնց քննարկումը կարող է երկարատեւ լինել: Խոսքը, օրինակ, 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի, Գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության հաշվետվություններին է վերաբերում: Բացի այս նախագծերից, ինչպես արդեն նշեցինք, հաճախ պատգամավորները կարող են նիստեր անել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եւ մեր տեղեկություններով՝ պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ առաջիկայում թեժ եւ լարված շրջան է սպասվում, եւ բոլորը պետք է ամեն րոպե պատրաստ լինեն՝ Ազգային ժողով գալու եւ արտահերթ նիստի մասնակցելու համար:

 

 




Լրահոս