Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանքները նվազեցնել մինչեւ 10 000 դրամ՝ նախկին 100-250 հազարի փոխարեն: Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ արտակարգ դրության օրերին փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ: «Եթե նախկինում քաղաքացին պետք է իր մոտ ունենար տեղաշարժման թերթիկ, ապա այժմ պարտադիր պետք է դիմակ ունենա: Ու եթե նախկինում տեղաշարժի թերթիկ չունանալու համար քաղաքացին տուգանվում էր 100-250 հազար դրամով, ապա այս օրենքով տուգանքի չափը կկազմի 10 հազար դրամ»,- հայտարարել էր փոխնախարարը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ձեռնպահե քվեարկեց օրենքի նախագծին, իսկ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ որոշեց կողմ քվեարկել օրենքի նախագծին: Մենք զրուցել ենք ընդդիմադիր պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչու իր որոշումը փոխեց:
-Պարո՛ն Բագրատյան, ինչո՞ւ որոշեցիք նախ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծին ձեռնպահ քվեարկել, այնուհետեւ երկրորդ ընթերցման ժամանակ փոխեցիք Ձեր որոշումը:
-Ես փոխնախարարից փորձել էի պարզել, որ եթե բերվել է մեղմացնող նախագիծ տուգանքների մասով, ապա պետք է նաեւ նախագծում լինի այն հարցը, որ պետք է այն ունենա հետադարձ ուժ: Այսինքն՝ այն անձինք, որոնք մինչեւ այժմ տուգանվել են 100-ից սկսած գումարով, պետք է վճարեն 10 հազար դրամ, այսինքն՝ լինի հետադարձ ուժ: Բայց փոխնախարարը հայտարարեց, որ նախագիծը հետադարձ ուժ չունի: Իսկ ես էլ որոշեցի, որ եթե հետադարձ ուժ չունի, ապա ես էլ կքվեարկեմ ձեռնպահ: Եթե չեմ կարող օգնել իմ քաղաքացիներին, ապա ինչո՞ւ պետք է կողմ քվեարկեմ: Հետո մենք առաջարկություն ձեւակերպեցինք ու ներկայացրեցինք, քանի որ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորը իրավունք չունի առաջարկություն ներկայացնի, մենք առաջարկությունը խմբակցությունով արեցինք, փոխվեց, ու արդեն երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվեարկեցի:
-Այսինքն՝ ԲՀԿ-ի առաջարկությամբ փոփությա՞ն ենթարկվեց նախագիծը, ըստ իշխանությունների՝ պետք է հետադարձ ուժ չունենա՞ր:
-Այո, իրենք ասում էին՝ այո, պետք է քաղաքացիները իրենց տուգանքները մուծեն, հետո, երբ որ տուգանվի, թող մուծի 10 հազար դրամ:
-Բայց գումարի այդ չափից էլ դժգոհություններ կան, քանի որ, ըստ քաղաքացիների, իրենք երկար ժամանակ չեն աշխատել ու իրենք ի վիճակի չեն լինելու վճարումները կատարել, եթե տուգանվեն: Դուք չե՞ք կարծում, որ իսկապես ՀՀ-ում սոցիալական վիճակը գնալով սրվում է:
-Ես հարց բարձրացրել եմ, թե ինչու են տասնապատիկի չափով որոշել տուգանել եւ ոչ թե երեքապատիկի չափով, այսինքն՝ ինչու ոչ նվազագույն աշխատավարձի երեքապատիկը, այլ տասնապատիկը: Իրենք էլ հայտարարեցին, որ համաչափ պետք է լինի:
-Դժգոհություններ կան նաեւ դիմակների թանկ լինելուց, քաղաքացիները հայտարարում են, որ իրենք չեն կարող այդքան դիմակ գնել, քանի որ ֆինանսապես անապահով են: Դուք փորձո՞ւմ եք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, հարցին լուծում գտնել՝ պատկան մարմինների հետ քննարկումներ ունենալով:
-Արդարադատության փոխնախարարը նշել է, որ իրենք կառավարությանը դիմել են, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի, այսինքն՝ գին սահմանվի, որից ավել չլինի վաճառքը: Այսինքն՝ իրենք սա ընդունել են ի գիտություն, ասացին, որ դա իրենք կկարգավորեն կառավարության որոշումով, ոչ թե Ազգային Ժողովի օրենքով: Այո, սա լուրջ խնդիր է, պետք է քննարկել ու, ասենք, պայմանական եմ ասում գինը սահմանել ոչ ավել, քան 50 դրամ: Պետք է առաջիկայում լսումներ անեն եւ կարգավորեն խնդիրը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ՈՐ ԲՌՆԱԳԱՆՁԵՆ
Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով որպես նշված օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Եվ, ահա, նախագիծ է ներկայացվել, որի ընդունման եւ «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։
Հենց այս վարչությունը պետք է զբաղվի եւ իրականացնի ապօրինի գույքի բռնագանձման մասով անհրաժեշտ աշխատանքները: Եվ, ահա, սահմանվել է նաեւ այդ աշխատակիցների աշխատավարձը: Նախ հիմնավորման մեջ նշվում է, որ նկատի ունենալով նշված օրենքով սահմանված գործառույթների առանձնահատկությունը եւ դրանց ծավալը՝ անհրաժեշտ կադրերի մասնագիտական պատրաստվածությունը եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններով եւ լրացումներով այդ գործառույթներն իրականացնող դատախազների համար սահմանվել են առավել բարձր մասնագիտական պահանջներ։ Նույն տրամաբանությամբ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով սահմանվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող դատախազների եւ նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի վարձատրության այլ գործակիցներ՝ համեմատած Գլխավոր դատախազության վարչության պետի եւ վարչության դատախազների համար։
Հայտնի է, որ պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է գործակցով: Եվ պաշտոնյայի աշխատավարձը որոշելու համար պետք է բազային աշխատավարձը բազմապատկել այդ գործակցով: Եվ չնայած այժմ ՀՀ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, սակայն բազային աշխատավարձը չի փոխվել եւ կազմում է 66 հազար 400 դրամ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը 10-ն է, ըստ այդմ, նրա աշխատավարձը կկազմի 660 հազար դրամ: Վարչության պետի տեղակալի գործակիցը 9.50-ն է, ավագ դատախազինը՝ 9, այսինքն՝ նրանք համապատասխանաբար կստանան 630 հազար եւ մոտ 600 հազար աշխատավարձ: Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է, եւ նա կստանա մոտ 570 հազար դրամ աշխատավարձ:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ կարող է նշանակվել դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
Հայաստանում գործող երեք տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 580 տարեց։ Սակայն միան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող Նորքի տուն-ինտերնատում է կորոնավիրուսի վարակվածության դեպքեր հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ Նորքի տուն-ինտերնատում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վարակի 45 դեպք է հաստատվել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այս պահին վարակվածների առողջական վիճակում փոփոխություն առկա չէ: Նշենք, որ 45 վարակվածներից ծայրահեղ ծանր է տարեցներից 3-ի վիճակը: Ի դեպ, վարակվածների կեսից ավելին՝ 28 հոգի, հաստատության աշխատակիցներն են: Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում, մնացած 14-ը հոսպիտալացվել են տարբեր բժշկական հաստատություններում։ Հավելենք, որ փետրվարի 27-ից հաստատությունը փակ է եղել, ելք ու մուտք չի եղել, եւ նույնիսկ տնօրինությունն ու աշխատակիցները գիշերել են այնտեղ։ Այսպիսի խիստ միջոցները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա է գտնվում տուն-ինտերնատը: Սակայն վարակն ամեն դեպքում ներթափանցել է հաստատություն, եւ չեն բացառում, որ պատճառը եղել է անկողնային բաժնում գտնվող տարեցներից մեկի բուժումն այլ հիվանդանոցում: ArmLur.am-ը մամուլի խոսնակից նաեւ հետաքրքրվել էր՝ կա արդյոք կորոնավիրուսի վարակվածության դեպք Հայաստանում գործող մանկատներում կամ այլ տուն-ինտերնատներում, սակայն Սոնա Մարտիրոսյանը նշեց, թե նման դեպքեր չեն արձանագրվել:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն արդեն վերադարձել է աշխատանքի: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից, վերադարձել աշխատանքի, եւ իր հետ ամեն ինչ կարգին է: Պատգամավորը նաեւ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր օգնականի բուժումը, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել, դեռ չի ավարտվել, նա շարունակում է բուժվել: Հիշեցնենք, որ պատգամավորի օգնականի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, եւ դրանից հետո Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել էր ու կորոնավիրուսի թեստ հանձնել: Նրա եւ որդու մոտ թեստի արդյունքները բացասական էին եղել, սակայն նրանք շարունակել էին մնալ ինքնամեկուսացման մեջ: