ՄԱՆՈ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԽԱՂԱՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության դիմաց վաղ առավոտից  բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ հանդիսավարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր պահանջում էին կառավարությունից՝  ինչպես մնացած տենտեսվարողները, իրենք նույնպես սկսեն աշխատել:

 

Սակայն բողոքի ակցիայի ընթացքում արտակարգ դրության պահանջները չկատարելու պատճառով ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին էին բերման ենթարկվել բողոքի ակցիայի կազմակերպիչներից դերասան Սարգիս Գրիգորյանը եւ եւս երկու հոգի:

Մինչ այդ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետեւ գիտեին, որ ամռանը ամուսնանում են: Հիմա ահռելի պարտքերի տակ են»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սագիս Գրիգորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

«Սարգիսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել, որն ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ այդքան մարդկանց մեջ ամենախաղաղն ինքն էր կանգնած, եւ դրա հետ մեկտեղ պահպանում էր սոցիալական հեռավորությունը: Ես ուղղակի մի քիչ հեռու էի իրենից գտնվում եւ հստակ չհասկացա, թե ինչ կատարվեց, մենակ տեսա, որ բռնեցին տարան: Մենք ուղղակի ուզում էինք բարձրաձայնել մեր պահանջները, մենք ո՛չ եկել էինք կռիվ անելու, ո՛չ պայքարելու, ո՛չ էլ առավելեւս ինչ-որ քաշքշուկների մեջ ընկելու, եկել էինք պարզապես մեր պայմաններն առաջարկելու,  ու ես չհասկացա, թե ինչու իրավիճակն այսպես թեժացավ, քանի որ բոլորը խաղաղ տրամադրվածությամբ էին եկել»,-նշեց նա:

Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ շատ վրդովված է ոստիկանների քայլերից, քանի որ իր ամուսինն ամենախաղաղն էր, եւ անգամ կարծիք կա, որ նա է այս ամեն ինչը կազմակերպել, ինչն իրականությանը չի համապատասխանում. «Մենք, ինչպես բոլորը, եկել ենք զուտ մեր պահանջը ներկայացնելու եւ մեր ընկերների կողքին լինելու համար: Եվ մեր ասպարեզից շատ ներկայացուցիչներ կային ակցիային, բայց ինչպես միշտ, կիզակետում մենք էինք, չգիտես ինչու: Պարզապես մենք ուզում էինք ներկայացնել մեր պահանջները, թե, ըստ սահմանափակումների, ինչ ծրագիր կարելի է մշակել, որտեղ մենք կկարողանանք ոչ հարյուր տոկոսանոց աշխատել՝ դա կլիներ տարիքային սահմանափակմամբ, դիզինֆեկցիա անելով, ելքերը շատ են, որ գոնե այս ոլորտը, որը շղթայված է մի շարք ծառայությունների հետ՝ գեղեցկության սրահների, պարային ստուդիաների հետ եւ այլ ոլորտների հետ, համապատասխանն պայմաններով աշխատի: Մեզ ասում են՝ պահպանեք սոցիալական հեռավորությունը, բայց իրենք երեկոյան ժամերին Կասկադ կամ Թումոյի այգի չե՞ն գնում, ի՞նչ սոցիալական հեռավորության մասին է խոսքը գնում»,-նկատեց նա:

Մանո Գրիգորյանի խոսքով՝ մեր ժողովուրդն էությամբ անկառավարելի է, եւ եթե ամեն սահմանափակում գրեթե հանվել են, միայն այս ոլորտը պետք է տուժի՞. «Կարծում եմ՝ որոշակի սահմանափակումներով այս ոլորտը նույնպես պետք է գործի, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու: Ինչպե՞ս կարելի է ամենախաղաղ մարդուն, ով հարցազրույց է տալիս, բռնել  բաժին տանել, անհասկանալի . եթե հանկարծ ինչ-որ արձանագրություն լինի, ես մինչեւ վերջ պայքարելու եմ այս անարդարության համար: Մենք ժամանակին պայքարել ենք մեր խոսքի ազատության համար, հիմա ո՞վ իրավունք ունի խաղաղ մարդուն բերման ենթարկել»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ԿԱՐՈ՞Ղ Է ՊԱՏԱՀԵԼ՝ ՄԵՆՔ ԵՐԵԽԱ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

«Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ այսօր մեր հասարակությունը կիսվել է: Մենք գիտենք, որ այս երեսուն տարվա ընթացքում այն բավականին շերտավորվել է: Մարդիկ կան, որոնք սովորել են ապօրինի գործողությունների դիմել, ապրել ոչ ճիշտ կյանքով, եւ մարդիկ էլ կան, որ ոնց ճիշտ եւ արդար ապրել են, այդպես էլ շարունակում են ապրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասան, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը՝ անդրադառնալով հասարակության երկփեղկվածութանը, երկրում ներկա քաղաքական զարգացումներին եւ ոչ միայն:

 

«Ես կողմնակից եմ այն փաստի հետ, որ ինչպես ապրել ենք, այդպես էլ պետք է շարունակենք ապրել՝ մարդուն, քրիստոնյային վայել կյանքով, առանց գողանալու, առանց հափշտակելու, առանց ուրիշինը յուրացնելու: Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ այդպես, իմ հայրն ապրել է այդպես, իմ պապն ապրել է այդպես, եւ ես կարծում եմ, որ իմ թոռնիկն էլ, որը իմ աչքի առաջ է մեծանում, նա էլ այդպես կապրի, որովհետեւ տեսածով է սովորում: Դաստիարակության մասին տարբեր վերլուծություններ կան, օրինակ՝ մեկը մի տաս տարի մտածում էր, որ ամենաճիշտը երեխային բարությամբ պետք է դաստիարակել, հետո կարծիքը փոխեց, պետք է խստությամբ դաստիարակել,   տաս տարի հետո փոխեց՝ ասելով՝ ոչ, երեխային պետք է դաստիարակել, ինքն էլ չգիտեր արդեն, թե ինչով, իսկ, ահա, կյանքի վերջում եկավ այն եզրակացությանը, որ երեխաներին պետք է դաստիարակել սեփական օրինակով, եւ ես գտնում եմ, որ դա ամենաճիշտ դաստիարակության մեթոդն է»,-նկատում է ՀՀ Ժողովրդական արտիստը:

Խոսելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի մասին՝ Ռաֆայել Քոթանջյանը կարծում է, որ մարդիկ շատ դժվարությամբ են բաժանվում հափշտակածից, բայց կա օրենք, որին պետք է ենթարկվել: «Եթե արել ես, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ մի օր բաժանվելու ես, այդքան բան: Ես կարծում եմ՝ մենք ոչ թե դաժանության վրա պետք է մտածենք, այլ նրանք պետք է մի քիչ մտածեն, որ շատ ու շատ ազնիվ ու արժանի մարդիկ մատնված են աղքատության, եւ իրենք պետք է հասկանան, որ այդ ամբողջն իրենք իրավունք չունեն վայելելու, պետք է ինչ-որ չափով կիսվեն: Հարստությունը հասարակության հետ պետք է կիսվեն հնարավորինս արդար ճանապարհով»,-ընդգծում է նա:

Եվ մեր զրույցի վերջում Ռաֆայել Քոթանջյանն անդրադարձել է  նաեւ Լանզարոտեի կոնվեցիայի վավերացմանն ու դրանից բխող խնդիրներին.

«Ես կարծում եմ , որ դա իսկապես քննադատության արժանի բան է. ինչո՞ւ, որովհետեւ ես բոլոր դեպքերում սովետական դպրոցի սանիկ եմ, եւ կարծում եմ՝ սովետական դպրոցում կամաց-կամաց սեռական դաստիարակությունը ճիշտ էր: Կարո՞ղ է պատահել մենք՝ երեխա չենք ունեցել, այդ ամեն ինչին մենք կարողացել ենք հասնել ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւին: Դա պետք է թողնել բնության վրա, բնությունն ինքը շատ ճիշտ բացատրում է: Հիմա մենք նայում ենք հաղորդումեր գազանների եւ անասունների մասին: Կարողա՞ գազաններին սովորեցնում են, երբ պետք է նա հարաբերվի կամ ձագ ունենա: Ամեն ինչ չէ, որ պետք է սովորեցնել, թողենք այնպես, ինչպես բնությունն է տվել»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ Արքայական ակումբն ամեն ինչ կանի Լա Լիգայում հաղթելու համար: «2 ամիս մենք չէինք համբերում, թե երբ ենք վերսկսելու մարզումները: Տանն անհնար է լիարժեք մարզում անցկացնել եւ պահպանել մարզավիճակը: Բոլորն անհամբերությամբ սպասում են մրցաշրջանի վերսկսմանը: «Ռեալը» պայքարելու է Իսպանիայի չեմպիոն դառնալու համար»,- ասել է Կուրտուան: Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հնարավոր էր համարել Իսպանիայի առաջնության վերսկսումը հունիսի 12-ին:

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՈԽԱՆԱԿԵԼ

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմայի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջաստին Կլույվերտի հետ:

«Արսենալը» 21-ամյա Կլույվերտի դիմաց «Ռոմային» կառաջարկի Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը եւ 15 միլիոն եվրո: Մարզական հեղինակավոր պարբերականները գործարքը համարում են իրատեսական, քանի որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիսանում է նաեւ Ջաստին Կլույվերտի գործակալը: Նշվում է, որ եթե «Ռոման» ընդունի «Արսենալի» առաջարկը, ապա Մինո Ռայոլային կհաջողվի ավելի բարձր աշխատավարձ ապահովել 31-ամյա Մխիթարյանի համար: Իտալական մարզական պարբերականներից մեկին տված հարցազրույցում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել էր, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 31-ամյա Մխիթարյանին, որը եւս չի ցանկանում հեռանալ «Ռոմայից»:

Ավելի վաղ Sport Mole-ը տեղեկացրել էր, որ «Արսենալն» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը եւ պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը: «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

 

ԱՄԵՆԱՏԱՂԱՆԴԱՎՈՐ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ համատեղ աշխատանքի մասին: «Ռոնալդոն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, որի հետ ես երբեւէ աշխատել եմ, սակայն նա ամենաշատ խնդիրներն էր ստեղծում ինձ համար: Նա կազմակերպում էր երեկույթներ, անում էր այն, ինչ ցանկանում էր: Մի անգամ Վան Նիստելրոյն ինձ ասաց, որ հանդերձարանից ալկոհոլի հոտ է գալիս: Ռոնալդոն տեղափոխվեց «Միլան» եւ թիմում ամեն ինչ կարգավորվեց: Իհարկե, Ռոնալդոյի տաղանդի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է  Կապելոն: Հիշեցնենք, որ բրազիլացի Ռոնալդոն Արքայական ակումբում հանդես է եկել 2002-2007թթ.:

 

 

 




Լրահոս