Մայիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել եւս 4 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են:
Այս պահի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
Աղմկահարույց կրակոցներից անցել է 23 օր եւ մինչ օրս Գավառում կրքերը չեն հանդարտվում, ասել է թե՝ վտանգը անցած չէ, եւ գործով կալանավորված անձանց պաշտպանները հրաժարվում են տալ անունններ, թե ում շահերն են պաշտպանում, սակայն armlur.am-ի հետ զրույցում Գավառի միջադեպի գործով կալանավորված անձանցից մեկի պաշտպան Արթուր Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով. «Հաշվի առնելով սույն քրեական գործի հանրային հնչեղությունը, միեւնույն ժամանակ հաշվի առնելով պաշտպանյալիս մերձավորների անվտանգությունը, կյանքի եւ առողջության նկատառումներից ելնելով՝ այս փուլում նպատակահարմար չեմ գտնում նրա անունը բացահայտել»: Նկատենք, որ պաշտպանը չցանկացավ ներկայացնել պաշտպանյալի անունը, սակայն պատմեց, թե նա ինչ է պատմել դեպքի մասին, եւ ինչու է հայտնվել դեպքի վայրում. «Կոնկրետ իմ պաշտպանյալը, լսելով, որ դեպք է եղել, եւ հիվանդանոցում կան մարդիկ, եւ տեսնելով, որ համագյուղացիները շտապում են հիվանդանոց, ինքն էլ որեւէ դիտավորություն որեւէ բան անելու, ուղղակի գնացել է այնտեղ, մտել է հիվանդանոց, մտնողների մեջ է եղել: Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում չի վիճարկում, չի հերքում, որ իմ պաշտպանյալը, ըստ էության, այդ օրը եղել է «Գավառ» բժշժկական կենտրոնում, բայց իր կողմից այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն հանցակազմի առկայություն իր կողմից չեն կատարվել»:
Մեր այն դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու էր մտել հիվանդանոց, պաշտպանը հայտնեց, թե ինքը չի մտել այնտեղ ինչ-որ մեկին գտնելու կամ հաշվեհարդար տեսնելու, որեւէ նման դիտավորություն չի ունեցել, այլ, այսպես ասած, ասել է՝ բոլորը գնացին, ես էլ գնացի, այդ կոնտեքստում մտել է հիվանդանոց, պտտվել է եւ գնացել է տուն, գիշերը անցկացրել է տանը, եւ հաջորդ օրը տանից իրեն բերման են ենթարկել:
Նկատենք, որ Արթուր Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալի հարազատների, Նորատուսի բնակիչների կողմից ներկայացվել է մոտ 300 ստորագրահավաք՝ ի պաշտպանություն պաշտպանյալի, որ նա, ազատության մեջ մնալով, չի խոչընդոտի, չի փախչի:
Արթուր Հարությունյանի կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է ներկայացվել բողոք՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին, որը կքննվի հունիսի 3-ին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ
Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին հարկադիր սնանկացման տանելու հարցով կրկին դիմում է ներկայացվել դատարան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս անգամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է դիմել սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը հարկադիր սնանկացման ենթարկի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Բանն այն է, որ Արա Օսկանյանը բանկին պարտք է 5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին գրել էինք, որ Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի Արա Օսկանյանին: Դատելով սնանկության դատարան դիմելու հայցից՝ պարզ է դառնում, որ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում: Այս գործը քննելու է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը:
Նկատենք, որ Վարդան Օսկանյանի որդին հանրությանը հայտնի է եղել մի շարք աղմկահարույց գործերով: 2017թ. փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել էին ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել: Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր դեռեւս այն ժամանակ դեպքից որոշ մանրամասներ պարզել: Եվ այսպես, 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել: Մեզ լուրեր էին հասել, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել միգուցե խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ, եւ արդյունքում նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի գործը գլուխ բերելու հարցում:Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Արա Օսկանյանը 2013թ. կրկին հայտնվել էր իրավապահների տեսադաշտում. նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռեւս 2005թ., Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՔՆՆԻ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: 2019 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար: Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել, ու այն կնիքվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԱՆՏՈՒՄ
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորների կողմից գողության դեպքերը շարունակվում են: Կոնկրետ անձինք, գտնվելով անազատության մեջ, կարողանում են բանտից տարբեր մարդկանցից հափշտակություններ իրականացնել: Սպարտակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Հայաստանի Հանրապետության ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, գործով չպարզված հանգամանքներում, ինտերնետային հայտարարությունների էջում տեղեկանալով Հակոբ Մանուկյանի` 2.200 ԱՄՆ դոլար արժողության համակարգիչը վաճառելու մասին, ի սկզբանե չունենալով այն գնելու մտադրություն, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, Մարիամ Լեւոնի Հովհաննիսյանի եւ Գեւորգ Արտուշի Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարելով համապատասխանաբար կնոջ եւ աներոջ դերաբաշխում, Հակոբ Մանուկյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է վերջինիս պատկանող 2.200 ԱՄՆ դոլարին համարժեք խոշոր չափի՝ 1.067.000 Հայաստանի Հանրապետության դրամ արժողության համակարգիչը:
Հետաքրքիր է՝ ուր են նայում Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի աչքերը, երբ կալանավորները կարողանում են բանտից խարդախությամբ հափշտակություններ իրականացնել: