ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ. «ԻՆՉ-ՈՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ԲԱՆ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու ամիս է, կորոնավիրուսով պայմանավորված, թատրոնները փակել են իրենց դռները հանդիսատեսի առաջ: Դերասանները բեմ դուրս չեն գալիս, փորձեր, նոր ներկայացումներ բեմադրելու հնարավորություններ չունեն: Թատրոններում  կորոնավիրուս համաճարակի առաջացրած խնդիրների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնում է, որ ներկայացումների փորձերը կարող են սկսել, սակայն պարետի ցուցումներին համապատասխան, այսինքն` չորիս-հինգ հոգով՝ որոշակի հեռավորություն պապանելով միմյանցից:

 

«Նոր ներկայացումների փորձեր պետք է  կամաց-կամաց արվեն… Պետք է մարզումներ անենք, որպեսզի դերասանները նորից վերադառնան իրենց նախկին ֆորմային: Հետագայում, եթե Աստված հաջողի, այնպես ստացվի, որ հնարավորություն ունենանք ավելի մեծ խմբերով աշխատել, եթե իհարկե թեթեւանա վիճակը, ուրեմն նորից ներկայացումների վերականգնման փորձեր պետք է սկսվեն, որովհետեւ բավականին երկար ժամանակ չեն խաղացել, եւ եթե Աստված հաջողի, միգուցե կամաց-կամաց նաեւ սկսենք ներկայացումներով հանդես գալ: Կարծում եմ` պարտադիր չէ լրիվ դահլիճի տոմսերը վաճառենք: Կարծում եմ, որ հնարավոր է տարածությունների վրա նստել, ավելի քիչ տոմս վաճառել, որպեսզի մարդիկ հեռու-հեռու նստեն միմյանցից, նրանք, ովքեր միասին չեն կամ մի ընտանիքի անդամ չեն, որպեսզի մարդիկ սկսեն կամաց-կամաց հաճախել թատրոն, որովհետեւ այս կորոնավիրուսով պայմանավորված՝ շատ ներքին հոգեբանական, ենթագիտակցական շերտեր են մարդկանց մոտ փոխվում, եւ նրանք էլ պետք է կարողանան հոգեբանորեն վերադառնալ այն կարգավիճակին, որ պետք է ունենա ազատ մարդը ազատ երկրում եւ 21-րդ դարում»,-ընդգծում է Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանը մեզ հետ զրույցում անկեղծանալով նշում է, որ դեռ չի հասկանում՝ արդյոք պետք էր արտակարգ դրության ռեժիմում սահմանափակումների թուլացումը, թե ոչ:  «Բժիշկներ, մասնագետներ կան, եթե այդ որոշումը սխալ էր, ապա պետք է բարձրացնեն իրենց ձայնն ու առաջարկներ անեն: Վստահաբար միայն մի բան կարող եմ ասել, որ տանը նստելն էլ կարող է բարդությունների առաջ կանգնեցնի թե՛ երկրին, թե՛ մարդկանց: Մարդը չի կարող անընդհատ ներհայեցողական վիճակով ապրել, հիմա մենք ընդամենը Վրաստանի օրինակն ունենք, որը գուցեեւ  ավելի շուտ են կանխագուշակել, թե ինչ պետք է անի, կամ կարողացել են ավելի հստակ կանոնները պահել, բայց միակողմանի ոչ մեկին չեմ կարող հիմա մեղադրել, քանի որ մեղադրելուց առաջ ամեն մեկն ինքն իրեն պետք է մեղադրի այն պատճառով`  իսկ արդյոք մենք բոլորս պահպանում ենք հիգիենայի կանոնները կամ այն կանոնները, որոնք որ անհրաժեշտ էին: Առանց դիմակ եւ ձեռնոցի փողոցներում քայլում էին, ազատ շփման մեջ էին, ֆեյսբուքում լուսանկարներ են գցում 10-15 հոգով քեֆ անելիս, եւ, ի վերջո, պետք է վարակը տարածվեր: Կառավարությունը կարո՞ղ էր դրա դեմն առնել, դրա դեմը կարող է միայն առնել մարդու ներքին  պատրաստակամությունը եւ ուշադրությունն առաջինն իր անձի, հետո իր մերձավորի նկատմամբ, դրա համար չեմ կարծում, որ մեղադրելով, հանցանք որոնելով՝ մենք որեւէ նպատակի կհասնենք: Կարծում եմ, որ պետք է հավաքվենք եւ ազգովի դիմակայենք այս վիրուսին եւ ավելի լուրջ պետք է վերաբերվենք այս հիվանդությանը»,-նկատում է դերասանը:

Եվ մեր զրույցի վերջում Գ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն անդրադարձել է  «Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխման շուրջ բարձրացած աղմուկին, որը, դերասանի կարծիքով, ընդունելի երեւույթ չէ.

«Ես արդեն Հանրային խորհուրդում էլ եմ ասել՝ Շառլ Ազնավուրին շատ սիրում եմ, իմ սիրելի շանսոնյեն է, հիանում եմ իրենով, առիթներ եմ ունեցել տարբեր ֆիլմերում նրա ձայնով խոսել, շատ մեծ դերասան էր եւ շատ մեծ գործ արեց մեր ազգի համար, բայց չեմ կարծում, որ պետք է փոխենք «Զվարթնոցի» անունը: Խիստ մտահոգված եմ ու ներքին անհանգստություն ունեմ, որ դրա մեջ ինչ-որ գավառական բան կա: Նրա անունով ե՛ւ հրապարակ կարող է լինել, ե՛ւ համերգային սրահ, մեծարելու տարբեր ձեւեր կան, բայց չեմ կարծում, որ նրա անունով պետք է կոչվի մեր օդանավակայանը: Ես ինչ-որ մի գավառական բան եմ տեսնում դրա մեջ, իսկ ինչո՞ւ ոչ Վիլյամ Սարոյանի անունով չեն ուզում կոչել: Եթե նրա տղան դիմեր, պետք է Վիլյամ Սարոյանի անունով դնեի՞նք, իսկ ինչո՞ւ է նրա տղան դիմում: Կարծում եմ, որ սխալված կլինենք, համենայնդեպս, ես դեմ եմ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

Իտալիայի ֆուտբոլի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Այս մասին հայտնում է իտալական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանը պետք է եզրափակվի մինչեւ օգոստոսի 20-ը: Մինչ օգոստոսի 20-ը պետք է ավարտին հասցվեն նաեւ Իտալիայի գավաթի խաղարկությունը, երկրորդ եւ երրորդ դիվիզիոնների մրցաշարերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ՝ «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» եւ «Ջենովան», չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների եւ թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց՝ եթե որեւէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հրաժարվել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալին ձեռք բերելու մտքից. տեղեկացնում է Football Italia-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը, որով կատալոնական ակումբը ցանկանում էր Արտուրո Վիդալին փոխանակել Միրալեմ Պյանիչի հետ: 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաեւ Միլանի «Ինտերը» եւ անգլիական «Նյուքասլը»: «Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը «Յուվենտուսում» խաղացել է 2011-2014 թվականներին:

Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 55 խաղում չիլիացի ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ:

 

ԴՈՒՐ Է ԵԿԵԼ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուզլը նշել է այն 2 ակումբները, որոնցից առաջարկ ստանալու դեպքում կհեռանար «Մանչեսթեր Յունայթեդից»: «Այդ ակումբներն են «Բարսելոնան» եւ «Միլանը»: Ինձ դուր էր գալիս թե՛ նրանց խաղաոճը եւ թե՛ համազգեստը: «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանայի միայն այդ 2 թիմերից առաջարկ ստանալու դեպքում»,- ասել է Սքոուլզը: Փոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-2011 եւ 2012-2013 թվականներին:




Լրահոս