Լուսանկարն արվել է Երեւանում
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում յուրաքանչյուրը պետք է հետեւի կարգուկանոնին, որպեսզի լինի առողջ ու պաշտպանված։ Թերեւս այս տեսարանը ճիշտ հակառակն է ապացուցում. օգտագործված դիմակներն ու ձեռնոցները մնացել են փողոցում շպրտված։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե բուքմեյքերական գրասեյակի գործունեությունն արդյոք հաստատագրված վճար վճարող է հանդիսանում:
Տրդատ Մարկոսյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86.2 հոդվածի դրույթներով՝
վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպիչները,
բ) տոտալիզատորի կազմակերպիչները,
գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն չի ներկայացնում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ (պայմանագրային հիմունքներով գործուղված) ուսանողը:
Լիա Զարգարյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:
Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: