ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ: Պատգամավորի մանդատը վայր դնելու շուրջ հարցերին վերջինս պատասխանել է, որ չի  համարում, որ մարդ կա, ով կարող է  պահանջի մանդատը վայր դնել: 

 

-Պարո՛ն Աթաբեկյան, դեռեւս շարունակվում է քննարկվել Ձեր՝ մանդատից հրաժարվելու հարցը: Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները պահանջ են դրել Ձեր առջեւ, որ առաջիկա օրերին կամ ամսվա ընթացքում մանդատը վայր դնեք: Ի՞նչ է իրականում կատարվում:

-Անկեղծ ասած, ես էլ եմ ծանոթ Ձեր ասածներին, որ մամուլում պարբերաբար հրապարակվում է, ու ամենակարեւորը՝ հրապարակվում է տարբեր կոնտեքստներով, ու ամենատարբեր էլեմենտներն են մտցնում, որ թեման «տաք» պահվի: Ես իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ, որ ինձ իրավական պահանջ չկա ներկայացրած, չեմ կարծում, որ կարող են նման պահանջ ներկայացնել: Բայց որպեսզի այս թեման փակենք, նախ ինձ համար կուզենայի իմանալ, թե ինչու այս հրապարակումների արդյունքում որեւէ պաշտոնական հերքում չի լինում, բայց քանի որ խնդիրն իմ հետ է կապված, ուրեմն ասեմ, որ ես իմ գործունեության ընթացքում որեւէ սկզբունքային կետ՝ պատգամավորական գործունեության հետ կապված, չեմ խախտել, ու չեմ կարծում, որ եթե պատգամավորը որեւէ սկզբունքային կետ չի խախտել, պետք է մանդատը վայր դնի: Ընտրողները ինձ չեն ընտրել, որ  գամ ու ինչ-ինչ  պայմաններում մանդատ դնեմ: Ես պետք է իմ գործունեության ընթացքում որեւէ լիազորություն կամ գործունեության  չարաշահեմ, որպեսզի գոնե խելամիտ լինի: Բայց եթե նման բան չկա, ես ինքս չեմ մտածում, որ նման բան կա: Ես չեմ համարում, որ մարդ կա, որ կարող է  էդ պարագայում նույնիսկ պահանջի, որ ես մանդատ դնեմ: Չի լինի նման բան:

-Ըստ մեր տեղեկությունների՝ դա սկսվել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակի եւ Ձեր միջեւ եղած տարաձայնություններից Ձեր՝ իշխանության ղեկավարությունը պահանջ է դրել, որ Դուք հրաժարվեք պատգամավորական մանդատից: Խոսե՞լ եք այդ ժամանակահատվածում թեկուզ քաղաքապետի կամ հենց Հակոբ Կարապետյանի հետ, ում հետ որ ունեցել եք  տարաձայնությունը: 

-Ես որեւէ անձնական խնդիր  չեմ պարզել, որեւէ մեկի հետ քննարկեմ դա: Ես՝ որպես պատգամավոր, պատգամավորի ինստիտուտին հնչեցված վիրավորական խոսքի համար փորձել եմ լուծում տալ այդ  հարցին՝ հաշվի առնելով, որ դու էլ այդ ինստիտուտի մի մասնիկ ես, որպեսզի ինստիտուտի իրավունքները կամ հարգանքը գոնե պահվի: Ես անթույլատրելի եմ համարում, որ ես ինքս կարող եմ մի տեղ աշխատել, ու այդ ինստիտուտի հանդեպ լինի վիրավորական բան: Ես հարց չեմ պարզել, ես իմ դիտարկումն  եմ զանգել ու նշել, որ պետք չէ նման բան անել: Հաշվի առնելով՝ ինքը քաղաքական թիմի մի մասնիկ է, չեմ կարծում, համենայնդեպս անթույլարտելի եմ համարում, որ, ենթադրենք, ԱԺ ախատակազմից կամ իմ օգնականը Հայկ Մարությանին որեւէ վիրավորական խոսք հնչեցնի, ես տեղում իմ օգնականի խնդիրը կլուծեմ: Եթե մենք նույն քաղաքական թիմից ենք, ես թույլ չեմ տա, որ իմ օգնականը Հայկ Մարությանին կամ իր տեղակալներից մեկին ասի՝ «պետք է Ձեր ժողովրդի տված մանդատը ուտեք»: Իրենց մոտ է՛լ, մեր մոտ է՛լ կան թերություններ: Բայց երբ  այդ թերությունների արդյունքում ինստիտուտին վիրավորանք է հնչում, այո, ես էլ համարում եմ, որ իրենց մոտ լիքը թերություններ կան,  եւ հետո քննարկման արդյունքում պարզվի, որ ես եմ սխալվում, որ իրենք ճիշտ են անում, բայց սխալ է ընկալվում:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 6 հազար 965 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 6 հազար 89 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 876 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 3 հազար 60 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 3 հազար 616:

Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս աճել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա երեք ամիսներին եղել է 77՝ անցած տարվա 62-ի դիմաց: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտուկ նվազել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա երեք ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 129 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 60-ի: Բայց, մյուս կողմից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 5-ով աճել են՝ 6-ից դառնալով 11: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա երեք ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 941 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է հազար 120 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

2020թ. ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 3 տրիլիոն 551 մլրդ 34 մլն դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 1.08%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. ապրիլի 30-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 6.96%-ով եւ 6.99%-ով: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է. այն  կազմել է 3 տրիլիոն 314 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 1.08%-ով, իսկ 2019 եւ 2018թթ.ապրիլի 30-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 8.35%-ով եւ 9.51%-ով: Իսկ  Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 237 տրիլիոն 27 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 1.09%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. ապրիլի 30-ի նկատմամբ նվազելով համապատասխանաբար 9.29%-ով եւ 19.0%-ով:  Վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել եւ այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ 2020 թվականին լրանալու էր 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։

 

 

ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ նախարարությունը տարկետում պետք է տա բուհերում սովորող մագիստրատներին եւ ասպիրանտներին, իսկ դա անում է բոլոր բուհերից ստացած ՄՈԳ-երի հիման վրա: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարությունը դրանք չի ստացել, քանի որ դեռեւս ավարտական քննությունները չեն ավարտվել, բայց իրենք որոշել են հեշտ լուծում տալ հարցին: Որոշել են 0 նշանակել բոլորին, ու փակել ամեն ինչ, որի արդյունքում բոլորը զրկվել են տարկետման իրավունքից:

ArmLur.am-ը փորձեց նախարարությունից պարզաբանում ստանալ այս հարցի շուրջ: Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին. «Որեւէ դժգոհություն չի հասունացել: Հանձնաժողովը չի կարող տարկետման իրավունք տալ այն անձանց, ովքեր վերջնական ՄՈԳ չեն ներկայացրել, ունեն թերի փաստաթղթեր, գիտական հոդվածներ ու զեկույցներ: Դրա համար գոյություն ունի բողոքարկման հնարավորություն: Ովքեր բացասական եզրակացություն են ստացել, կարող են 5 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել: Բողոքարկման բուն գործընթացը տեղի կունենա հունիսի 15-ի մոտ, եւ այդ ժամանակ բոլորը կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը եւ գնահատականների բավարարման դեպքում ստանալ դրական եզրակացություն»:

 

ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ

«Վալլեքս» խմբի ընկերություններից մեկը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, սնանկ է ճանաչվել: Խոսքը Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող ընկերության մասին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի ապրիլի 30-ի վճռով, իսկ մայիսի 8-ի որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը: Տեղեկացնենք, որ գործարանի փակման արդյունքում ավելի քան 500 աշխատող գործազուրկ է դարձել: Ընկերությանը պատկանող գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել 2018 թվականին՝ կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո:

 




Լրահոս