ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկեց լիագումար նիստերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»:

 

2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ն անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ի 101.4% դեֆլյատորի պարագայում կազմել է 6 տրիլիոն 551.8 մլրդ դրամ՝ պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված 6 տրիլիոն 756.2 մլրդ դրամի (ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 104 %), ՄԺԾԾ-ով 2019 թվականի համար ծրագրված 6 տրիլիոն 630.4 մլրդ դրամի դիմաց (ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 104 %) եւ 2018 թվականի 6 տրիլիոն 5.1 մլրդ դրամի դիմաց (ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 102.5 %)։ ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը, 2.3 %-ային կետով գերազանցում է ՄԺԾԾ-ով ծրագրված մակարդակը եւ 2.4 %-ային կետով գերազանցում է 2018 թվականի մակարդակը։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես ՀՀ-ում ՀՆԱ-ի 7.6 % իրական աճի պարագայում *Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1.3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1.2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2.3% իրական աճ եւ Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5.1 % իրական աճ։ 2019 թվականին ՀՆԱ-ի աճին ծառայությունների ճյուղի նպաստումը կազմել է 5.2%-ային կետ՝ պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված 2.5 %-ային կետի եւ 2018 թվականի 4.6 %-ային կետի դիմաց։ Արդյունաբերության նպաստումը կազմել է 1.9 %-ային կետ՝ ծրագրված 0.8 %-ային կետի եւ 2018 թվականի 1.1 %-ային կետի դիմաց։

Շինարարության ճյուղի նպաստումը կազմել է 0.3 %-ային կետ՝ ծրագրված 0.4 %-ային կետի եւ 2018 թվականի 0.1 %-ային կետի դիմաց։ Զուտ անուղղակի հարկերը ՀՆԱ-ի իրական աճին նպաստել են 0.7 %-ային կետով՝ ծրագրված 0.5 %-ային կետի եւ 2018 թվականի 0.8 %-ային կետի դիմաց։ 2019 թվականին գյուղատնտեսության ազդեցությունը ՀՆԱ-ի իրական աճին եղել է բացասական՝ -0.5 %-ային կետ՝ ծրագրված 0.7 %-ային կետ դրական նպաստման եւ 2018 թվականի 1.3 %-ային կետի դիմաց։ 2019 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 629.4 մլրդ դրամ, ինչը կազմում է 2019 թվականի ճշտված պլանի 92.4 %-ը, ՄԺԾԾ-ով հաստատված ցուցանիշի 101.5 %-ը եւ գերազանցում է 2018 թվականի մակարդակը 12.6 %-ով կամ 182?3 մլրդ դրամով։ 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) կազմել է 63.9 մլրդ դրամ, ինչը կազմում է 2019 թվականի ճշտված պլանի 41.6 %-ը, ՄԺԾԾ-ով հաստատված ցուցանիշի 42.4 %-ը եւ 2018 թվականի մակարդակից նվազ է 39.3 %-ով կամ 41.5 մլրդ դրամով։ 2019 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.9 %՝ պետական բյուջեով ծրագրված մակարդակից 1.6 %-ային կետով ավելի, ՄԺԾԾ-ով կանխատեսվածից 2 %-ային կետով ավելի եւ 2018 թվականի մակարդակից 1.6 %-ային կետով ավելի։

Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում Կենտրոնական բանկի՝ 2019 թվականի գործունեությունը:  Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաեւ բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը: Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երեւանի եւ մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեություն. կասեցումը 24 ժամով է: Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման եւ գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը եւ այլն: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը բացասական է: Այս մասին նշել է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «Բացասական են նաեւ նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ եւ այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,-գրել է նա:

 

 

ԳՈՐԾՈՒՂԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին Կոտայքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել:

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ԱԺ վավերացրած Լանզարոտի կոնվենցիային եւ դրա հետ կապված իր հետագա գործողություններին: «Սա զգայուն հարց է, որովհետեւ վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանը, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչեւ եվրոպական երկրներ: Նախ եւ առաջ սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ՝ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունենք արդյոք հայեցակարգ: Ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալու, եւ սա է ինձ համար անհանգստություն»,-ասել է նա:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Երեկ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նրանք մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ եւ գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջեւ ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետեւանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Օրերես Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ:

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ պարզելու համար, թե հանդիպմանը ինչ հարցեր են քննարկել: Սաղաթելյանն ասաց, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման հնարավորություններին եւ ուղիներին, համահայկական տարողություն ունեցող հարցերին:

ՀՅԴ-ականը ասաց, որ նախագահին ներկայացրել են իրենց տեսլականը՝ իրավիճակը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին: «Սա նախագահի հետ հանդիպման-քննարկման առաջին դեպքը չէ, մենք 4 անգամ նման հանդիպում ունեցել ենք: Խոսել ենք ընդհանուր ՀՀ-ում կատարվող իրադարձությունների մասին, ներկայացնում ենք մեր բոլոր այն մտահոգությունները, որոնք ունենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:

 

ԿՓԱԿԵ՞Ն

Արդեն երկու օր է՝ նախակրթարանների աշխատողների շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ մանկապարտեզները, հնարավոր է, նորից փակվեն: Տեղեկացնենք, որ մանկապարտեզները վերաբացվել են մայիսի 20-ից: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս երկու օրերի ընթացքում նախատեսվածից քիչ թվով երեխաներ են հաճախում մանակապարտեզ, ինչով էլ պայմանավորված՝ հնարավոր է՝ նորից փակվեն մանկապարտեզները:

Բացի այս, նկատենք, որ որոշ մանկապարտեզների աշխատողներ ջերմություն են ունեցել, իսկ մեկում էլ՝ թիվ 49 մանկապարտեզում, անգամ կորոնավիրուսի հաստատված դեպք կա, եւ մանկապարտեզը դեռ չի վերաբացվել: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից Տարոն Գեւորգյանը փոխանցեց հետեւյալը.

«Մանկապարտեզները շարունակում են բնականոն ձեւով աշխատել, որեւէ նման ինֆորմացիա չունենք, անգամ ակնարկ չկա այդ մասին: Ըստ էության թվով նախատեսված ինչ-որ քանակից ընդամենը քիչ են գնացել, բայց դա չի նշանակում, որ որեւէ ակնարկ կամ մտադրություն կա մանկապարտեզները փակելու համար»:

 

 




Լրահոս