Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին: «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետեւողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:
Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել եւս 8 անձ: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Նկատենք, որ ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Այսպիսով, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից: Դեռեւս մեկ շաբաթ առաջ Armlur.am-ը գրել էր, որ Կապանում եւ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ Է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնկարաններում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները: Մեր այս հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման եւ այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել եւ մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են մասնավորապես մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ եւ Ալվանք բնակավայրերին, Տաթեւ համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արեւիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր եւ Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքերին: Այս դեպքերով հարուցվել էր քրեական գործ: Եվ, ահա, ըստ նախնական տեղեկությունների՝ այս քրեական գործի շրջանակնեում կողմերի միջեւ տարաձայնություն է եղել եւ Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը փորձել է, ամենայն հավանականությամբ, նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքներ կազմակերպելու դեպք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28 մլն ՀՀ դրամ առերեւույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով նույն բանկի հաճախորդներ եւ քարտապաններ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց ընթացիկ հաշվեհամարներից առցանց տարբերակով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին: Սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը եւ իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել եւ հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները: Որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
Նախօրեին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը: Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում: Պարզվել է, որ Արզնի գյուղի բնակիչը նշված վնասվածքը ստացել է օրեր առաջ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տներից մեկի բակում համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս՝ 52-ամյա տղամարդը, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ պատճառելով նրան ծանր մարմնական վնաս, եւ դիմել փախուստի: Հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ
2019 թվականին 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության գործով առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ նախաքննական մարմինը նաեւ խստացնի գործով կալանավորված երկու եղբայրների մեղադրանքը:
Բանն այն է, որ եղել են մի շարք հանցագործություններ, որոնք նախաքննական մարմինը կապում է երկու եղբայրների հետ: Ասել է թե՝ նրանք են կատարել: Իսկ թե ինչ կլինի, սպասենք զարգացումներին: Հիշեցնենք, որ ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան ճանաչվել է մեղսունակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից:
Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն: Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին՝ 16-ամյա Հրաչ ու 18-ամյա Սարգիս Գալստյաններին:
«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 16-ամյա Հրաչ Գալստյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել էր, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն. նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:
Եվ, ահա, 4 ամիս անց իրավապահները ստացել են փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա էլ պարզ է դարձել, որ անչափահաս տղան մեղսունակ է: Ասել է թե՝ նա գիտակցաբար է գնացել այդ քայլին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԿԱՆ
Արցախի Հանրապետությունում երեկվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 33 դեպք, կա բուժված 8 քաղաքացի: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալների՝ մեկուսացված է 69 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 669 թեստավորում, մահվան դեպքեր չկան: