Ինչ գործով են Կապանի ոստիկանները ձերբակալել 3 քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց հավաքված մի շարք քաղաքացիներ հավաքվել էին՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ օրենքին համաձայն է իրականացվել կալանավորումը։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։ Ուշագրավն այն է, որ իրավապահ համակարգը դեռևս չի պարզաբանում, թե ինչ գործի շրջանակներում են քաղաքացիները ձերբակալվել, սակայն մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն, քաղաքացիները ձերբակալվել են օրեր առաջ կատարված խուզարկությունների շրջանակներում։

ArmLur.am-ը օրերս գրել էր, որ Սյունիքի մարզի շատ համայնքներում, այդ թվում՝ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի շարք անձանց բնակարաններում: Մեր աղբյուների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները: Մեր այս հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:

Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

Քնար Մանուկյան




Լրահոս