Armenian text to speach

Որտեղ է քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, նրան չե՞ն կարողանում գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնի է, մեկուկես ամիս ազատության մեջ մնալուց հետո «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանը նորից կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Այսպիսով, երեք օրվա ընթացքում Վահագն Աբգարյանին պետք է ոստկանները տանեին կրկին բանտ, սակայն մեզ այսօր հայտնի դարձավ, որ նրան դեռես չեն տարել քրեակատարողական հիմնարկ ու հարց է առաջանում՝  արդյոք իրավապահներին չի հաջողվում նրան հայտնաբերել ու տանել բանտ, թե այլ խնդիր կա:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:

Դատարանը գրավի միջնորդությունը բավարարելու որոշմամբ արձանագրել է, որ դեռեւս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես, հիմնավոր կասկածն առ այն, որ ամբաստանյալ Աբգարյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Միաժամանակ դատարանը փաստել է, որ գործով արդեն իսկ հարցաքննվել է առանցքային վկան՝ Արթուր Մնացականյանը, և դատարանում հետազոտվել է գաղտնալսումների գերակշիռ մասը, ուստի դրանով չեզոքանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հանգամանքին, դատարանը համարում է, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր է չեզոքացնել ամբաստանյալ Աբգարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը: Այս դատական ակտը բողոքարկել էին տուժող կողմն ու դատախազությունը։

Քնար Մանուկյան




Լրահոս