Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր օրվա ընթացքում Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ հուշագիր է ստորագրվելու: Մեր տեղեկություններով՝ օրվա ընթացքում Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Արշավիր Ղահրամյանին:
Armlur.am-ը զրուցել է Սամվել Բաբայանի հետ՝ պարզելու համար տեղեկությունների իսկությունը:
-Պարո՛ն Բաբայան, ըստ մեր տեղեկությունների, Արայիկ Հարությունյանը որոշել է Ձեզ նշանակել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:
–Նշանակման հրամանը կտան, այդ ժամանակ էլ կիմանաք:
-Այսինքն, արդեն պարոն Հարությունյանի հետ պայմանավորվածությո՞ւն եք ձեռք բերել այդ պաշտոնում նշանակվելու հարցում:
–Այսօր այդ ամենի մասին կիմանաք:
-Հանդիպե՞լ եք ու որոշումն արդեն կայացված է պարոն Բաբայան:
–Բազմիցս ենք հանդիպում ունեցել:
-Դուք հուշագի՞ր եք ստորագրելու այսօր պարոն Արայիկ Հարությունյանի հետ:
–Այո՛, ստորագրելու ենք: Այլ բան չեմ կարող ասել: Կլինի , ամեն ինչն էլ կիմանաք: Բան չեմ ասելու: Ամեն ինչը կլինի, կտեղեկանաք:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 19-ին պաշտոնական տեղեկություն էր տարածվել Հարությունյանի եւ Բաբայանի հանդիպման մասին. «Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու եւ մշակելու երկուստեք ընդունելի եւ կիրառելի զարգացման ծրագիր՝ համերաշխության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»: Արդեն հստակ է, որ քաղաքական որոշումը կայացված է: Ըստ շրջանառվող տեղեկությունների օրերս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում էր՝ Արայիկ Հարությունյանի երդմնակալության միջոցառմանը մասնակցելու համար, հանդիպում է եղել նաեւ Սամվել Բաբայանի հետ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ