Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:

Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր զրույցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված հեռանկարային պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Հորդանանի միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը կթևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:




Լրահոս