Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է
Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ
Հարությունյանին:
Պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող
օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և
տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան
ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի
հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության
հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ
լուծման ուղղությամբ:
Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ
հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով: