ArmLur.am-ը հայտնել էր, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշել էր. «Այս պահին ունենք հաստատված 15 դեպք, 9-ը՝ երեխաները, 6-ը աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 46 մարդ՝ այս պահի դրությամբ: Բոլորի մոտ նորմալ վիճակ է, մեծ մասն ախտանիշեր ընդհանրապես չունեն, երկու հոգի ունի թույլ ջերմություն»:
Նկատենք, որ սա խնամքի հաստատությունում հայտնաբերված վարակի արդեն երկրորդ դեպքն է: Եվ սա այն դեպքում, երբ նման հաստատությունները խիստ հսկողության տակ են: Նորքի տուն-ինտերնատում էլ հայտնաբերվել էր վարակի 45 դեպք: Ընդ որում, վարակվածներից երկուսն էլ մահացել էին կորոնավիրուսից: Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեցի վիճակում փոփոխություն չկա, մյուսների հետ առավոտյան խոսել են, իրենց լավ են զգում»:
Ի վերջո, ինչպես է կորոնավիրուսը ներթափանցել խնամքի հաստատություններ, ինչու դրանք առաջին օրվանից փակ չեն եղել: Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե մայիսի 19-ից հաստատությունում փակ ռեժիմ է եղել, որևէ մեկը մուտք ու ելք չի ունեցել, երկու օր առաջ աշխատակցի մոտ ջերմություն է եղել: Սակայն նկատենք, որ Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 14-ին և այդ օրվանից հայտարարություններ եղան, թե ամեն ինչ հսկողության տակ է, հաստատություններում կարանտին է հայտարարված: Սակայն ստացվում է՝ կարանտինն արդյունք չի ունեցել և չնայած հաստատությունը փետրվարի 17-ից կարանտինի մեջ է եղել, սակայն ըստ էության փակ ռեժիմ սահմանվել է միայն մայիսի 19-ին, իսկ դրանից առաջ տեղի ունեցածն էլ թերևս հասցրել է այս իրավիճակին: Ի վերջո նման հաստատությունները պետք է վաղուց փակ լիներ, այլ ոչ թե միայն մի քանի օր առաջ, երբ օրեցօր վարակվածների թիվն աճում է:
Ստացվում է՝ հայտարարում են մի բան, սակայն քայլերն այլ բանի մասին են խոսում:
Նաիրա Հովհաննիսյան