Խոշոր չափերով յուրացում՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական
բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի
կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական
գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի
մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն
օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:

Քննության տվյալներով՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում որպես պահակ աշխատող
անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս շարունակի մնալ հաստիքային աշխատող, սակայն չայցելի
աշխատանքի, իսկ նրա աշխատավարձային քարտը և դրա գաղտնագիրը տրամադրի իրեն՝ հնարավորություն տալով ստանալ
հասանելիք աշխատավարձը և մյուս վճարումները:

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով զգալի չափերով յուրացում կատարելու
դիտավորությամբ, մեկ այլ անձի նշանակել է որպես վերոնշյալ ՀՈԱԿ-ի գրադարանավար, սակայն նրա կողմից պատշաճ
աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների փոխարեն այլ պարտականություններ, այն է՝
միջոցառումների կազմակերպչի գործառույթներ իրականացնելու պայմաններում, 2019թ. փետրվարի 20-ից մինչև սեպտեմբեր
ամիսը ներառյալ վճարել է այդ հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքի դիմաց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուս
վճարումները՝ հափշտակելով յուրացրել է:

Արդյունքում՝ հաշվարկվել և վճարվել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է
ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ այդ կերպ Երևանի քաղաքապետարանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված
գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը
կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 179-րդ (յուրացնելը կամ վատնելը)հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է:




Լրահոս