Կապանում ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել: Այսպիսով,  նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ: Այս մասին հայտնում է ձերբակալվածներից մեկի պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը:

Ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Արդեն ուշ երեկոյան պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հավելենք, որ այսօր Կապանում և Քաջարանում շարունակում են մեծ թվով ոստիկաններ մնալ: Նրանք հսկում են քաղաքը:

 




Լրահոս