ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Արսեն Երևանսկու առողջական վիճակը ԿԳԲ-ի «պադվալում» վատթարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Արսեն Երևանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը  նշելով, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, առաջին կարգի հաշմանդամ է եւ առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում:

Նշենք, որ օրենքով գողին պահում են Երևան Կենտրոն ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում»: Ըստ պաշտպանի, նրա առողջականի մասով միջնորդություններ են նախապատրաստվում, որոնց մասին կներկայացնեն մի փոքր ուշ:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք:

Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս