Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Կարապետյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում: Ինչպես հայտնի է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի սահմանադրական օրենքով նախատեսվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից անցում` քաղաքացիական ծառայության, որը պետք է իրականացվի Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքին համապատասխան` 2020 թվականի հուլիսի 31-ից հետո:
Սակայն ներկայացված նախագծով պատգամավորները փաստում են, որ այդ օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված չէ, իսկ առանց դրա ընդունման հնարավոր չէ պատշաճ կարգով կազմակերպել նախատեսվող անցումը և անհրաժեշտություն է առաջացել փոխելու օրենքով սահմանված ժամկետները:
Եվ ահա, այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:
Նաիրա Հովհաննիսյան