Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում հավանություն տվեց 2020-ի ապրիլի 23-ինստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման Ծրագիր Արարատի եւ Արմավիրի մարզերում:
Ծրագրի նպատակն է` աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի եւ Արարատի մարզերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային եւ տեղական շահառուներին, աջակցել Թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը եւ գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների եւ ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի եւ Արմավիրի մարզերում առնվազն 2000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների եւ ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար:
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաեւ գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված եւ ժամանակակից ոռոգման սարքավորումների եւ տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին եւ ֆերմերների խմբերին:
Ծրագրի շրջանակներում տրամադրվելու են նաեւ համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման եւ սարքավորումներով ապահովման համար:
Ծրագիրը կաջակցի նաեւ Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման եւ կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր: