Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն 553 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 109 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 443 հազար դրամը՝ Ախպրաձորի համայնքապետարանը:
Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ լուսավորվելու են գյուղի բոլոր վեց փողոցները: Լուսավորության ցանցը կկառուցվի 2 500 գծամետր երկարությամբ: Կտեղադրվի 83 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:
«Խորհրդային տարիներին Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանց գործում էր երկու փողոցում: ԽՍՀՄ փլուզումից հետո այն շարքից դուրս եկավ չշահագործվելու պատճառով: Կարելի է ասել, որ մեզանում վաղուց մոռացել էին լուսավորության ցանցի մասին: Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական կարեւոր խնդիր է լուծվում՝ նկատի ունենալով գյուղի բարձրադիր տեղանքը եւ բնակլիմայական խստաշունչ պայմանները»,-նշեց համայնքի ղեկավարը: