Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման
ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և
ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի
կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը
ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։
Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի
խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ
կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում
մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային
պայմաններում, եթե չկան հակացուցումներ։
Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում է էլեկտրասրտագրություն։ Հատուկ
մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝ գլյուկոզայի որոշում
ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում)
հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ ստուգվում է դեղի
փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում․
որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։
Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք,
պրեպարատն ամիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման
առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է
դրական շարժընթաց: