Ինչպես հայտնի է, օրերս Սյունիքի մարզում իրավապահների եւ բնակիչների միջեւ լարվածություն էր ստեղծվել: Բանն այն է, որ Սյունիքի մարզի Քաջարան եւ Սիսիան համայնքների բնակիչները բռնության էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնց մասով իրավապահները քննություն են իրականացնում: Եվ ահա նկատենք, որ Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտնել էր, որ տեղեկանալով մարզում, ավելի ստույգ՝ Կապանի ոստիկանության եւ մարզի քննչական վարչության շենքերի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին գնացել էր Կապան:
«Որպես տարածաշրջանից ընտրված պատգամավոր` պարտքս համարեցի լինել տեղում, լինել մարդկանց հետ, իմ ընտրողների հետ, որ հստակ պատկերացում կազմեմ, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում։ Կեսգիշերին մոտ ուղեւորվել եմ Կապան, լուսադեմին տեղ հասել եւ անմիջապես իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպումներ սկսել: Վաղ առավոտից Կապանում եւ Քաջարանում նույնպես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել։ Իսկ ճանապարհին օնլայն տարբերակով հետեւում էի տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքին, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել եւ ինչ-ինչ պահանջներ էին ներկայացնում։ Այժմ, կարող եմ ասել, լիարժեք պատկերացում ունեմ կատարվածի վերաբերյալ», – գրել էր նա:
Սակայն այս այցի մեջ ուշագրավ հանգամանքներ կան. Սյունիքի մարզից մեզ հասած տեղեկությունների համաձայն Կարեն Համբարձումյանը նույն սրտացավությունը չէր ցուցաբերել Սիսիանի ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձանց մասով եւ անգամ չէր էլ գնացել Սիսիան քաղաք ու չէր հետաքրքրվել ծեծի ենթարկված քաղաքացիների ճակատագրով: Մեզ հասած տեղեկությունների նրա Սիսիան քաղաք չգնալը բավականին խորը արմատներ ունի: Ըստ Սիսիանի բնակիչներից մեզ հասած լուրերի համաձայն Կարեն Համբարձումյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի հետ, ուստի դա է պատճառ, որ նա Սիսիանի դեպքերով չի հետաքրքրվել, ինչը խիստ վրդովեցրել է Սիսիանի բնակիչներին: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Կարեն Համբարձումյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան