«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կարվեն: Այս փոփոխությամբ գույքահարկը կավելանա: Կառավարության մեկնաբանության մեջ նշվում է, որ նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։
Հիմնավորման համաձայն՝ գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել և վերլուծվել են հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ։ Համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը:
Առաջարկվում է նաև սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր: Նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։
Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ.-ին՝ 50 տոկոսը, 2023 թ.-ին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թ.-ից: Նախագծի ընդունման և կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ՝ ապահովելով պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը։ Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։
Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում քննարկման ժամանակ նկատեց. «Սա կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատև և մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը՝ այո, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ քննադատությունները շատ էր, շատ էր խոսվում, որ համահարթ եկամտահարկ սահմանելով սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք: Մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում: Այստեղ իմ կարծիքով տեղի են ունենում մի շարք կարևոր հեղափոխական նշանակության փոփոխություններ», – նշեց նա:
Վարչապետը նշել է, որ այժմ մարդիկ տներ են կառուցում առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ այնքան ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես՝ ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների և պարտականությունների միջև ճիշտ բալանս տեղի ունենա»։
Նաիրա Հովհաննիսյան