Նախարարը հեռավար է աշխատում. մանկատան հարցը դեռ չի պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս օրերին ինքնամեկուսացված է: Armlur.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտարարեց, որ այժմ նախարարն աշխատում է հեռավար ու նախարարության աշխատանքներին հետևում է անձամբ` հեռավար ձևաչափով: Մենք փորձեցինք պարզել նաև, արդյոք նախարարությունը կարողացե՞լ է պարզել, թե ինչպես է ստացվել, որ փակ հաստատություն համարվող մանկատանը վիրուսը «թափանցել» է ու վարակել սաներին:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, որոնցից 6-ը աշխատակից են, 9-ը՝ երեխա: Սոնա Մարտիրոյանը մեզ փոխանցեց, որ վիրուսի ներթափանցումը կարող է եղած լինել դայակի միջոցով, որը սկզբում ոչ մի սիմտոմ չի ունեցել: Խոսնակը նշեց նաև, որ փետրվարի 27-ից կարանտինային ռեժիմում է եղել մանկատունը, իսկ վերջերս լրիվ փակ ռեժիմի են անցել, այսինքն՝ աշխատակիցները ևս մնացել են հաստատությունում։ Միակ վարկածը, դայակներից մեկի միջոցով վիրուսի փոխանցումն է:

Նշենք, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» խնամք են ստանում 0-18 տարեկան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս