ԿՈՐՈՇԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑԻ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ վաղը ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը օր կնշանակի ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապով հարցաքննություն իրականացնելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովականները քննարկում են առաջիկա օրերին զրուցել Նալբանդյանի հետ, որից հետո արդեն պետք է որոշեն Արցախ մեկնելու օրը: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, եւ Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:

Մենք փորձեցինք նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզել, թե ինչ տեղեկություն ունի Սերժ Սարգսյանը այդ փաստաթղթի հետ կապված, ու արդյոք ճիշտ է, որ նման փաստաթուղթ գոյություն ունի:

-Պարո՛ն Աշոտյան, Սերժ Սարգսյանն ի՞նչ տեղեկություն ունի, 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը փորձում են պարզել Էդուարդ Նալբանդյանից:

-Նախագահը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողվի նիստին, շատ երկար ու մանրակրկին բոլոր հարցերին պատասխանել է: Նախագահը խոստացել է արտակարգ դրության վերացումից անմիջապես հետո ասուլիս, որը կազմակերպվելու է ու պատասխանելու է Ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերին: Ես կարող եմ մի բան ավելացնել, որ հրադադարի նոր համաձայնագրի թեման զարմանալի է, թե ՀՀ-ում ով է առաջ տանում, ով է դա շահարկում, դա մեկ էլ անում էին ադրբեջանցիները 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո, երբ սկսեցին այս թեման շահարկել: Հիմա չգիտեմ՝ ով է դա անում, ակնհայտ է՝ նոր իշխանություններից են դա անում, կատաստրոֆիկ բան են անում, եթե չասեմ դավաճանություն են անում, որովհետեւ այս թեման, երբ ադրբեջանցիները բարձրաձայնել են, տեղում ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական նամակը, որտեղ հղում է արված բացառապես 1994-1995 թվականի զինադադարի պայմանագրերին: Իրականությունը սա է:

Նշենք, որ այս հանդիպումից առաջ քննիչ հանձնաժողով էին կանչվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նաեւ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում Պաշտպանության նախարարությունում:  Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2017թ. մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, եւ այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք»,-խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին՝ հայտարարել էր նախկին վարչապետը: Սակայն արդեն հանձնաժողովի նիստի ժամանակ նա ասել էր, թե այդ մասին լսել էր ուրիշներից, ոլորտի պատասխանատուներից: Իսկ, ահա, Արշակ Կարապետյանին կրկին հրավիրելու պատճառը եղել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

Հավելենք, որ վերջին հանդիպմանը չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, ինչը դժգոհության առիթ էր հանդիսացել: Սպասվում է, որ հանձնաժողովը պետք է իր վերջնական աշխատանքներն ավարտի արդեն հունիսին եւ ներկայացնի զեկույց: Սակայն չի բացառվում, որ դրանից առաջ հանձնաժողովի անդամները նաեւ Արցախ մեկնեն: Նկատենք, որ զեկույցը բավականին ծավալուն է լինելու՝ մի քանի հարյուր էջից բաղկացած՝ հաշվի առնելով այն անձանց քանակը, որոնք այս ընթացքում այցելել էին հանձնաժողով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին: Պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի եւ տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետեւողական բարձրացման եւ զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ:

 

 

406 ԴԵՊՔ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք: Պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն եւ Գավառ համայնքներում»:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր տեսակապի ձեւաչափով տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու եւ ելույթով հանդես է գալու նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր:

 

 

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԵՆ

«Այս պահին երեք բնակչի մոտ կորոնավիրուս հիվանդությունն առկա է, երեքն էլ մեկ ընտանիքից են, եւս 3 ընտանիք ինքնամեկուսացված է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Սարգսյանը: «Դեպքերը դեռ այդքան շատ չեն, ինքնամեկուսացված են բոլոր կոնտակտավորներրը»,-ասաց նա:

Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ գյուղի առողջության կենտրոնում իրականացվում են բոլոր պատվաստումներն ու գործողությունները: Նշենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 452-ով՝ հասնելով 7113-ի:

 

«ՀԱՅՓՈՍՏ»-ՈՒՄ ԵՎՍ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք է արձանագրվել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզպետի խոսքով՝ այժմ քննարկվում է բաժանմունքը փակել-չփակելու հարցը: Նա նաեւ ասաց, որ հնարավոր է՝ չփակվի բաժանմունքը, եւ աշխատանքային գործունեությունն ապահովելու համար  Երեւանից փոխարինող անձնակազմ գա:

«Կոնտակտավոր անձանց շրջանակն է ճշտվում: Պետք է վստահ լինենք. եթե վարակի տարածման աղբյուր հանդիսացող տեղ լինի, ապա միանշանակ փակման կգնա: «Հայփոստ»-ում ես այս պահին տեղյակ եմ կոնկրետ մեկ դեպքի մասին, ավել ասել չեմ կարող. թեստավորումներ են անում աշխատողներին, եւ կոնտակտավորներին պարզաբանման հարցն է քննարկվում»,- փոխանցեց Համբարձում Մաթեւոսյանը: Զրույցի ընթացքում մարզպետը թվերով ներկայացրեց նաեւ մարզում տիրող վիճակը. մարզում 447 հիվանդ մարդ կա, առողջացածները 235-ն են, ինքնամեկուսացած անձինք 360-ն է, նրանց մի մասը տներում են, մի մասը՝ Երեւանում: «Թեթեւ դեպքերը տներում են, իրենց հեռախոսահամարներն ունենք, միացված են հատուկ համակարգին, դրանք էլ կցված են թաղային ոստիկանությանը ու ամբուլատորիայի աշխատակիցներին, որպեսզի մոնիտորինգ կարողանանք անել»,- տեղեկացրեց մարզպետը:

Ըստ Համբարձում  Մաթեւոսյանի՝   այս 447 հիվանդների մեջ կան շատ մարդիկ, որոնք Արմավիրի մարզի բնակիչ են, բայց բնակվում են Երեւանում, գրանցման հասցեն Արմավիրի մարզն է:




Լրահոս