ԱՂՄԿԱԼԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ: Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ: Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր:

 

Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե` ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց: Արդյունքում Ազիզյանը նշանակվեց: Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը: 2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ, ահա, ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահներին հանցագործության մասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է: Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ: Եվ, ահա, Ազիզյանի նշանակումից հետո Սյունիքում կրքերը չեն հանդարտվում, եւ ոստիկանները իրենց գործելաոճն են ընտրել: Մասնավորապես, վերջին օրերին Սիսիանում քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջեւ միջադեպ էր արձանագրվել, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Սիսիանի բնակիչները Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ: ՀՔԾ-ն, Սիսիանի քաղաքացիների բողոքի հիման վրա, հարուցեց երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը եւ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածներով (խոշտանգման հատկանիշներով): Բանը հասավ Կապանի ոստիկաններին, Քաջարանի բնակիչներն էին ձերբակալվել, որոնք Կապանի ոստիկանների կողմից կրկին բռնության են ենթարկվել, եւ հրապարակվել էր բռնության ենթարկված տղաների լուսանկարները: Այս մասով Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Դատելով իրավիճակից՝ Սյունիքի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի գործելաոճն են ընտրել եւ ծեծի միջոցով են փորձում հարց լուծել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» եւ Գորիս քաղաքի բնակիչ 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հետաքննիչի հանձնարարականով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է, եւ վարորդը բժշկի ուղեկցությամբ Երեւանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Երեկ կրակոցներ են հնչել Վանաձորում: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ, ահա, Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված: Գնդակը դրսից խոցել է 2-րդ հարկի տան պատն ու հայտնվել տան մեջ՝ խոհանոցում: Նույն պատի վրա հայտնաբերվել է նաեւ կրակված մեկ հետք եւս, որը վնասել է տան պատը: Բակում հայտնաբերվել է նաեւ պարկուճ: Շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները, ինչի հետեւանքով արձակված գնդակները դիպել են շենքի ու բնակչի տան պատին:

 

 

ԲԱՎԱՐԱՐԵԼ Է

ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները: Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արմեն Շահինյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում, եւ հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները: Եւս մեկ գործով՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած Վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը, քարեական գործն ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ այս գործով եւս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:

 

 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ Է

Երեկ ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից: Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ.-ն (ծնված 1990թ.) ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից: Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, մեկուկես ամիս ազատության մեջ մնալուց հետո Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանը նորից կկալանավորվի: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Այսպիսով, երեք օրվա ընթացքում Վահագն Աբգարյանին պետք է ոստկանները տանեին կրկին բանտ, սակայն մեզ այսօր հայտնի դարձավ, որ նրան դեռեւս չեն տարել քրեակատարողական հիմնարկ, ու հարց է առաջանում՝  արդյոք իրավապահներին չի հաջողվում նրան հայտնաբերել ու տանել բանտ, թե այլ խնդիր կա:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու եւ սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ: Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին: Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան եւ ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաեւ շաքարային դիաբետ եւ հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետեւաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում: Դատարանը գրավի միջնորդությունը բավարարելու որոշմամբ արձանագրել է, որ դեռեւս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները եւ հիմքերը: Մասնավորապես, հիմնավոր կասկած կա առ այն, որ ամբաստանյալ Աբգարյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Միաժամանակ դատարանը փաստել է, որ գործով արդեն իսկ հարցաքննվել է առանցքային վկան՝ Արթուր Մնացականյանը, եւ դատարանում հետազոտվել է գաղտնալսումների գերակշիռ մասը, ուստի դրանով չեզոքանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ նոր հանցանք կատարելու հանգամանքին, դատարանը համարում է, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր է չեզոքացնել ամբաստանյալ Աբգարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման հնարավոր ռիսկերը: Այս դատական ակտը բողոքարկել էին տուժող կողմն ու դատախազությունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս