ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացվել է «ՀՀ փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված, Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

 

Այս հանձնաժողովի ձեւավորումը նախատեսված է ռազմավարությամբ: Ընթացիկ իրավիճակը նկարագրելիս ՀՀ արդարադատության նախարարությունը նկատում է, որ 1991թ. սեպտեմբերից 2018թ.  մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում: Եվ, ըստ այդմ, 2019թ. հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև հաշտեցման հանձնաժողով: Հանձնաժողովը գործելու է մինչեւ իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից:  Նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել նիստերի միջոցով, իսկ գործունեությունն իրականացնելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Նախագծով նախատեսվում է՝ Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը եւ իրադարձությունները պետք է ներառեն՝

համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպում եւ անցկացում,

հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ,

ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

վերոնշյալ դեպքերի եւ իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր եւ իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ եւ հիմնավոր կհամարի անդրադառնալու:

Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Հանձնաժողովը լիազորված է անձից պահանջել և ստանալ վկայություններ, կազմակերպել այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ դեպքերին, իրադարձություններին եւ խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից՝ բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել եւ ստանալ դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել եզրակացություններ՝ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը,ա եւ իրականացնելու այլ գործողություններ:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

«ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում՝ իրարամերժ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՍԴ ճգնաժամը ԱԺ տիրույթում լուծելու ինչ ելքեր են տեսնում, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այն ԱԺ տիրույթից դուրս է: «Այսօր ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում կան կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ, եւ մեր պատասխանատվությունն է որեւէ կերպ չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը: Ինչ վերաբերում է հանգուցալուծման ճանապարհներին, ես առաջարկում եմ նախ սպասենք Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին, այնուհետեւ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվելու»,-ասել է նա: Այն դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե դուք հաշվարկել էիք, որ հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա համար եք կրկին բերում ԱԺ տիրույթ, Մակունցը պատասխանել է. «Կարծում եմ՝ տեղին չեն նման  հայտարարությունները, մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաեւ նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ, եւ ամենը բացառապես պայմանավորված է կորոնավիրուսով»:

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմում է  ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Մեր տեղեկություններով՝ նրանք այս դիմումով խնդրել են Աժ նախագահին, որպեսզի այն նիստերը, որոնք իրենց քաղաքական բոյկոտի պատճառով բացակայել են, հարգելի համարվեն եւ, ըստ այդմ, իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել եւ այլեւս նիստերին չէր մասնակցում: Եվ քանի որ անհարգելի բացակաների դեպքում աշխատավարձերից պահումներ են արվում, ընդդիմադիր խմբակցությունը նման դիմում է ներկայացրել: ArmLur.am-ի հետ զրույցում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, թե դիմումը երեկ են ստացել եւ սահմանված կարգով մոտ օրերս կպատասխանեն:

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին 5-ամյա երեխա է մահացել: Այս մասին հայտնել է հիվանդանոցի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը: «Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել: Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան: Երեխան Երեւան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին՝ առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,-ասել է նա:

 

 

ԸՆԴԴԵՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ

Դատական հայց՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ: Մեզ հայտնի դարձավ, որ տարբեր անձինք նախարարին են դիմում, որպեսզի նա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցի, սակայն նախարարը դիմումներին ընթացք չի տալիս, եւ քաղաքացիները այդ որոշումները վիճարկում են դատարանում: Մասնավորապես, ՀՀ վարչական դատարան է դիմել Մարինե Հայրապետյանը եւ պահանջում է, որ քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների՝ 20.04.2017թ. կազմված դատական ակտի պարզաբանում տրամադրելու, ինչպես նաեւ քաղաքացիական գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավորի՝ 01.11.2018թ. կազմված դատական ակտը Դատական օրենսգրքի դատավարական եւ նյութական իրավանորմերի հոդվածներով կոպիտ էական խախտումների «Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ» սահմանված ժամկետում վարչական ակտ կայացնելու, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով եւ գործող օրենքներով, իրավական ակտերով պարտականությունները չիրականացնելու, անգործություն դրսեւորելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրանց հիման վրա, որպես հետեւանքների վերացում, պաշտոնական պարզաբանում եւ կարգապահական վարույթ հարուցելու, օրենքով համապատասխան փաստաթուղթ պահանջելու մասին վարչական ակտերն ընդունված համարել:

 

 

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍՍԸ» 

Գոգյան ու Թամրազյան «դուելը» եզրահանգվեց առանց միջադեպերի ու հաղթող-պարտվողների՝ ի շնորհիվ Մխիթար Հայրապետյանի պրոֆեսիոնալիզմի ու դիվանագիտական հմտությունների։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի նիստն անցել է թեժ։ Նախ Հայրապետյանն ասել է, թե այն, ինչ կքննարկվի փակ դռների հետեւում, պիտի դուրս չգա, ապա հորդորել է խոսել առանց էմոցիաների՝ ներկայացնելով միայն փաստեր։

Արդյունքում կողմերը պատմել են եղելությունը՝ ինչից է սկսվել կոնֆլիկտը, ինչպես է վերածվել անձնական «փոխհրաձգության» եւ այլն։ Այս մանրամասները ArmLur.am-ը հրապարակել էր դռնփակ նիստի հաջորդ օրը։

Եվ այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մխիթար Հայրապետյանը, չնայած իր եւ Արայիկ Հարությունյանի միջեւ եղած ոչ ջերմ, կարելի Է ասել, լարված հարաբերություններին՝ կարողացել է նիստը անաչառ վարել, ճիշտ որոշումներ կայացնել՝ անձնականը չխառնելով գործնականին։ Համենայնդեպս, ներկա պատգամավորները բարձրաձայն գովեստի խոսքեր են ասել Հայրապետյանի կառուցողական աշխատանքի մասին, թերեւս միակ դժգոհը մնացել է Արսեն Ջուլֆալակյանը։

 

 

 




Լրահոս