Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։
Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա տղան հանկարծամահ է եղել, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խաղի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել։