Տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում: Տարբեր քրեական գործով անցնող անձինք ոստիկանության կողմից բռնության են ենթարկվում: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ այս ձեռագիրը Սյունիքի մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանինն է, որը մշտապես աչքի է ընկել մարդկանց ծեծի ենթարկելով:
Դեռես 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել էին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ: Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ: Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե՝ ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց, արդյունքում Ազիզյանը նշանակվեց: Օրեր առաջ էլ Քաջարանի բնակիչներն էին ձերբակալվել, որոնք Կապանի ոստիկանների կողմից կրկին բռնության են ենթարկվել, եւ հրապարակվել էր բռնության ենթարկված տղաների լուսանկարները: Այս մասով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սյունիքի մարզի ոստիկանության վարչության պետ Գեւորգ Ազիզյանի հետ:
-Պարո՛ն Ազիզյան, Սյունիքում տարբեր քրեական գործերով անձանց նկատմամբ ոստիկաները բռնություն են գործադրում: Վերջին դեպքը Քաջարանի միջադեպի գործով ձերբակալվածներն էին, որոնց նկատմամբ բռնություն էր կիրառվել: Ի՞նչն է պատճառը, որ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել:
-Այն օրը կոնկրետ Կապանի բաժնի մոտ հասարակության հետ, բոլոր տեսանյութերով կա, խոսքերի մեջ, անդրադարձել եմ այդ հարցին:
-Քաջարանի քաղաքապետը հայտարարեց, անգամ հրապարակվեցին բռնության ենթարկված անձանց լուսանկարները, դա ի՞նչ էր:
-Ես հասկանում եմ, որ դա առաջինը քաղաքապետն է հայտարարել քննություն է իրականացվում, հենց ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, թե այդ գործով ինչ մանրամասներ կան եւ ոնց են անցնում, այսինքն՝ քրեական գործի վերաբերյալ որոշակի հանգամանքներ է ներկայացվել: Ես կհորդորեմ լրատվությանը անդրադառնալու պարագայում բացառապես անդրադառնաք օբյեկտիվ տեսանկյունից:
-Դատելով իրավիճակից՝ արժանահավատ ենք համարում ե՛ւ Քաջարանի քաղաքապետի հայտարարությունը, ե՛ւ ձերբակալված անձանց հարազատների պնդումը, որ ոստիկանները ծեծել են տղաներին: Ինչո՞ւ. քանի որ Ձեր գործոնը, Ձեր վարքագիծն է այդ մասին վկայում: Դուք մշտապես, որպես ոստիկանապետ, աչքի եք ընկել ծեծով, այսինքն՝ ծեծի միջոցով եք հարցերը լուծում: Հին Հայաստանում դա ընդունված էր, իսկ Նոր Հայաստանում ե՞ւս այդպես եք հարցերը լուծում:
-Բոլոր դեպքերի վերաբերյալ կատարվել են ծառայողական քննություններ, կատարվել է նախաքննություն, հարուցված են եղել քրեական գործեր, ու բոլոր դեպքերով պարզվել են հանգամանքներ, ու արդյունքում Դուք էլ, հասարակություն էլ ծանոթ եք վերջնական արդյունքների հետ: Ինչ վերաբերում է այս վերջին դեպքերի հետ, որ կատարվում է մարզում, բոլորի վերաբերյալ ե՛ւ ծառայողական քննություններ են գնում, ե՛ւ քրեական գործեր կան հարուցված, բնականաբար, գործով ամեն ինչ կպարզվի: Եթե Ձեզ առավել մանրամասներ են հետաքրքրում, ապա կարող եք լրատվության վարչությանը դիմել:
-Դուք՝ որպես Սյունիքի ոստիկանապետ, մեղավոր եք զգում այն բանի համար, ինչ կատարվեց Սյունիքի մարզում. քաղաքական անկայունություն էր ստեղծվել եւ, ի վերջո, եթե պարզվի, որ Դուք այս բռնությունների հետ կապ ունեք, կրկին կադրերի ռեզերվ եք գնալու:
-Իրավապահ համակարգը ե՛ւ Սյունիքի մարզում, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում կատարում է օրենքով իր գործառույթներն ու պարտականությունները:
Այսինքն՝ Ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում:
-Ամեն ինչ օրենքի շրջանակում է, հարուցված քրեական գործեր կան, այլ հարցերով ոչ մեկ մեղավոր չէ, այլ հարցերով դիմե՛ք ոստիկանության լրատվության վարչություն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԻԵԴ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» վճիռը: Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաեւ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք): Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը: Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները: Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ արված ծախսերի համար: ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել: Դիմումատուները պնդում են, որ Ադրբեջանը պատասխանատու էր ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, եւ քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Նրանք դժգոհում են, որ Հունգարիան եւս խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ տրամադրելով եւ կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում:
ԳԻՆՈՎՑԵԼ ԵՆ ԵՎ ՎԻՃԵԼ
Երեկ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սարալանջ»-ի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա: Նույն օրը նշված վայրում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու դի՝ գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երկու ընկերներ գինովցել են, այնուհետեւ նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչի հետեւանքով 40-ամյա տղամարդը սպանվել է: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.: Վերջինս ձերբակալվել է 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով եւ հարցաքննվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, երեկ կրկին հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը: Դատավորը տեղեկացրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ եւ չի կարող ներկայանալ նիստին: Բացի այդ, 2008թ. ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը:
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԱՌԵՐԵՍՎԵԼ Է
ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը առերեսվել է իրեն հեծանվով վրաերթի ենթարկած անձի հետ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Էմին Բեգլարյանը` նշելով, որ Արթուր Ալեքսանյանը շարունակում է հացադուլը եւ չի լսում որեւէ մեկի հորդորները, որ դադարեցնի հացադուլը: Անգամ Արթուր Ալեքսանյանի կինն է խնդրել, բայց նա հացադուլը չի դադարեցնում: Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի, Արթուր Ալեքսանյանի գործով նիստը տեղի կունենա 16:30-ին: 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին: Այս գործով կալանավորվել է Արթուր Ալեքսանյանը: ArmLur.am-ը հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրադարանի տնօրեն Անուշ Գալստյանի ամուսինն է, որն ամիսներ առաջ եւս հայտնվել էր սկանդալային պատմության կիզակետում: Այսօր ArmLur.am-ը զրուցել է Արթուր Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանի հետ: Նա մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է ասել իրավապահներին այս գործով կալանավորված անձը:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՔՍԱՏՆԻՑ
Հայկ Գյոդակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայից Վրաստանի սահմանով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների արեւելյան մաքսատան Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ ժամանած ավտոբուսից իր բեռը ստանալու եւ մաքսային համապատասխան ընթացակարգով ձեւակերպելու նպատակով 2020թ. փետրվարի 01-ին՝ ժամը 09-ի սահաններում, ժամանել է ՀՀ պետական եկամուտների արեւելյան մաքսատան Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ բաժնի մաքսային հսկողության գոտի, որտեղ նշված մաքսատան աշխատակիցների թույլտվությամբ իր բեռը ստանալու նպատակով օրինական մուտք է գործել նշված մաքսային կետ բաժնի՝ արտեկրից ստացված բեռների զննման համար նախատեսված պահեստարան: Մտնելով պահեստարան, իր հերթին սպասելու ժամանակ նույն պահեստում նկատելով տեղադրված կշեռքի համակցվող «ԾԼԽՀԿհԼԾ» ապրանքանիշի, «Ծ0601» մոդելի էլեկտրական ցուցիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ժամը 14-ի սահմաններում մոտեցել է հիշատակված կշեռքին եւ անջատելով հոսանքի լարերը՝ գաղտնի հափշտակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պատկանող, զգալի չափերով՝ 360. 000 ՀՀ դրամ արժողության «ԾԼԽՀԿհԼԾ» ապրանքանիշի, «Ծ0601» մոդելի թվային ցուցիչը. այն տեղավորելով բաճկոնի մեջ՝ հեռացել է նշված պահեստից:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ