Լուսանկարն արվել է Երեւանում
Այս լուսանկարը, մեղմ ասած, հակասանիտարական է։ Ցավալի է, որ մաքրություն ու կարգ ու կանոն քարոզող մարմինները սա չեն նկատել։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե դրամարկղային գրքում սխալ մուտքագրում է արվել, ապա հնարավո՞ր է արդյոք ճշտում կատարել:
Արտակ Զաքարյան (31տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2003 թվականի N 1408-Ն որոշման 17-րդ կետի համաձայն՝ արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ եւ առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը:
Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը եւ կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի եւ գլխավոր հաշվապահի ստորագրությամբ՝ նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ եւ գանձապահի կողմից:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կազմակերպությունն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում եւ համարակալվում է հարկային մարմնի կողմից:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխել ազգանունը նաեւ վկայականում, եւ արդյոք դրա համար պե՞տք է վճարել նույնքան, որքան նոր վկայական ստանալու համար:
Սիլվա Մխիթարյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը: