Ախթալայի կամրջի վրա 2015-ին սպանության փորձի գործը հանգուցալուծվել է Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը:

Հիշեցնենք, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Վարդան Անտոնյանին 2016թ. հոկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ հիմնավորվել էր, որ Վ. Անտոնյանը 2015թ. հոկտեմբերի 11-ին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած եւ փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանը, տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» եւ դրա հետեւից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի ավտոմեքենաները, իր ընկերոջ ավտոմեքենայից վերցրել էր վերցրել է քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած եւ հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի ավտոմեքենայի մեջ դրած ինքնաձիգը, եւ, Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, եւ չիմանալով, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել այդ ավտոմեքենաների ուղղությամբ:

Սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին եւ Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին եւ նշված երկու ավտոմեքենաների հետեւում գտնվող ժայռաբեկորներին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դաատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռով Վարդան Անտոնյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 13 /տասներեք/ տարի ժամկետով:

2019թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարելով պաշտպանության կողմի բողոքը՝ բեկանել եւ փոփոխել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Վարդան Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) եւ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրան ազատել պատասխանատվությունից:

2019թ. հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ կողմից վերջինիս դեմ բերվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննության արդյունքում, 2020թ. մայիսի 26-ի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ օրինական ուժ տրվել Լոռու մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռին:

Հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ որոշվել է, որ Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի:




Լրահոս