ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարտադիր չէ պատերազմներ լինեն, որպեսզի գնահատենք կյանքի գինը․ Արթուր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

KarenSevak Production-ն այսօր ներկայացրել է «Մինչև վերջ» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Երգի նախապատմությունը սկսվում է դեռեւս 2016 թվականից՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից։ Երգը կատարում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։

Կարենը եւ Սեւակը գրել են երաժշտությունը, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։

ArmLur.am-ը Արթուր Գրիգորյանի հետ զրուցել է «Մինչեւ վերջ» երգի ստեղծման եւ իր զգացողությունների մասին։

«Ցանկացած խելացի երգ, որն ինձ կսազի, կերգեմ հաստատ: Թեման շատ լավն է՝ հայրենիքի մասին է, եւ ես դրանից բացի այլ բան չունեմ երգելու.  խելացի երգ է, եւ մեղեդին է լավը։ Կարենն ու Սեւակը տաղանդավոր տղաներ են։ Այսպես ասեմ` երգն ինձ բռնեց»,-նշում է Արթուր Գրիգորյանը։

Մեր զրուցակիցը ընդգծում է, որ ինքը երբեք իրեն երգիչ չի համարել: Դա ավելի շատ խոսք է, անգամ իր երգերը երգելուց նա իրեն երգիչ չի կոչում։

ArmLur.am-ի հետ զրույցում կոմպոզիտորն անդրադարձել է նաեւ աշխարհում բռնկված համաճարակին, որից անմանս չէ նաեւ մեր երկիրը։

«Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը վերագնահատի ամեն ինչը, եւ ոչ թե պատերազմները գան, հասնեն, ու նոր հասկանանք կյանքի գինը. ինչն է կարեւոր, թե ինչը կարեւոր չէ: Անգամ այս դեպքում ինձ համար ամենակարեւորը զինվորն է, թշնամին զինվորին չկպնի, զինվորները չհիվնադանան, նրանք իրավունք չունեն հիվանդանալու եւ դրա ժամանակն էլ չկա, շատ զգոն պետք է լինենք, եւ այս ամեն ինչին փնթի չվերաբերվենք։ Ժամանակ կա մտածելու, հասկանալու, թե որն է կարեւորը կյանքում: Անպայման չէ` հիվանդանանք ու նոր հասկանանք՝ ինչն է կարեւորը հայրենիքում։ Ամեն օր պետք է արթնանալ ու հասկանալ, թե քեզ համար ինչն է կարեւոր: Համենայնդեպս, ես այդպես եմ ապրում, եւ սա զուր խոսքեր չեն»,-հավելեց Արթուր Գրիգորյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս