«Յուրի Խաչատուրովը ունի եւս երկու օր ժամանակ՝ հանձնաժողով ներկայանալու». ինչ եզրահանգման է բերել Նալբանդյանի հետ հարցուպատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հիմա շատ կարեւոր հայտարարություն եմ անում՝ հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո. Յուրի Գրիգորի Խաչատուրովը ունի եւս երկու օր ժամանակ՝ հանձնաժողով ներկայանալու եւ պատասխանելու հանձնաժողովի հարցերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ այսօր հանձնաժողովը տեսակապով հյուրընկալել էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Նալբանդյանի հետ հարցուպատասխանը բերել է եզրակացության, որ Յուրի Խաչատուրովը պետք է հանձնաժողովում պատասխանի որոշ հարցերի. «Դրանք այնքան կարեւոր են, որ ես հիմա այդ հայտարարությունն անում եմ: Ես նամակներ չեմ ուղարկելու, որովհետեւ նամակն ուղարկել ենք, ստացել ենք պատասխանը: Բայց այս ամբողջ գործընթացի մեջ չի եղել մի պաշտոնյա…Պատահական չի, չէ՞, որ այդ պահին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձին տալիս ենք հարցեր ու ասում ենք, որ Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի հարցերի»:

Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են հունիսի 4-ին, ուստի Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ եւս երկու օր կսպասեն, ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով պատրաստ են լսել նաեւ Խաչատուրովին. «Այլապես մեր եզրակացությունները մենք կներկայացնենք՝ առանց Խաչատուրովին լսելու ու այդ եզրակացության մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն այլ մարմիններ: Քննիչ հանձնաժողովն այլեւս անելիք չունի»:




Լրահոս