ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 40 օր վրաց-ռուսական սահմանին բաց երկնքի տակ անիվներ էին վառում, որ տաքանան. վերջապես խնդիրը կարգավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ ամիսուկես Վերին Լարսի անցակետում գտնվող Հայաստանի 71 քաղաքացիներին երեկ ավտոբուսներով տեղափոխեցին Հայաստան: Երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանների արանքում մոտ 45 օր գտնվող մեր հայրենակիցները երկար ժամանակ խնդրում էին աջակցել իրենց՝ գալ հայրենիք: Բայց քանի որ կարանտինային արտակարգ դրություն էր ինչպես Ռուսաստանի դաշնությունում, այնպես էլ` Վրաստանի հանրապետությունում, մարդկանց տեղափոխելը գրեթե անհնար էր դարձել:

Քաղաքացիների խոսքերով, նրանց կերակրել են տեղաբնակները՝ տաք ճաշ տալով, անագամ կանանց երեխաներին առաջարկել են լոգանք ընդունել իրենց տներում: Մարդիկ մեքենայի անիվներ են այրել, որպեսզի տաքանան: Մեր հայրենակիցները մի քանի անգամ փորձել էին անցնել ռուս-վրացական սահմանը, սակայն վրացական կողմը թույլ չէր տվել մուտք գործել երկրի տարածք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում էր քաղաքացիներին՝ նշելով, որ կարանտինային պայմաններ են խախտել եւ պետությունը չի կարող իրենց աջակցել, որովհետեւ Վրաստանի սահմանը փակ է: Եւ չնայած սրան՝ նրանք շարունակում էին սպառնալ, համառել, թե պետք է Հայաստան մտնեն իրենց սեփական ավտոմեքենաներով: Անելանելի դրության մեջ հայտնված մեր հայրենակիցները խնդրի լուծման ակնկալիքով դիմել էին Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին եւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Այսպես, պատգամավորները սկսեցին բանակցել Վերին Լարսի անցակետում գտնվող հայրենակիցների եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ: Ի վերջո գտնվեց փոխզիջումը. Քաղաքացիներին պատգամավորները բացատրեցին, որ այս փուլում սեփական ավտոմեքենաներով հայրենիք գալն ուղղակի անհնար է: Նրանք կարող են ռուս-վրացական սահմանը հատել միայն առանց սեփական ավտոմեքենաների` ավտոբուսներով` հատուկ ուղեկցությամբ:

Այսպիսով, պատգամավորներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել մեր հայրենակիցների հետ, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի միջոցով կարգավորելով հարցը: Մարդիկ իրենց ավտոմեքենաները թողեցին հայ ընտանիքների մոտ եւ Վերադարձի գործընթացն օպերատիվ կերպով կազմակերպվեց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի ու Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ջանքերով: Քաղաքացիներին ուղեկցում էին Վրաստանում այդ երկրի ուժայինները` հատուկ մեքենաներով, իսկ Հայաստանում` ՀՀ ուժայինները` չթողնելով որեւէ մեկի հետ շփվեն, մինչեւ մեկուսանան, որպեսզի վարակի տարածումը հնարավոր լինի կանխել: Մեզ հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ` պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Հուսով ենք, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են ՌԴ-ում, առանց հյուպատոսությունների հետ պայմանավորվածությունների, չեն գնա վրաց-ռուսական սահման` փորձելով կարանտինային պայմաններում այլ երկրի տարածքով հայրենիք վերադառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս