COVID 19–ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյո՞ք մարդու իրավունքները, հանրային առողջությանն առնչվող հարցերը և առհասարակ ժողովրդավարությունն առաջնահերթ և բացարձակ արժեք են միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ միջազգայնորեն ճանաչված բռնապետություններն ավելի պաշտպանված են, քան չճանաչված ժողովրդավարությունները: Եվ ի վերջո, արդյոք մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները չպե՞տք է լինեն միջազգային ճարտարապետության մաս:

Այս հարցը առանձնահատուկ կարևորություն է ստանում, երբ համաշխարհային հանրությունը բախվում է COVID 19–ի հարուցած առողջապահական և տնտեսական մարտահրավերների հետ: Այդ մարտահրավերները առանձնահատուկ սրվում են, երբ խոսք է գնում չճանաչված երկրներում բնակվող ժողովուրդների շրջանում համաճարակի տարածման մասին: Արցախընմանօրինակտարածաշրջաններից մեկն է, որտեղ բնակվող 150000 մարդիկ զրկված են օգնություն ստանալու հնարավորությունից հակամարտության լուծված չլինելու և Ադրբեջանի կողմից տարվող շրջափակման քաղաքականության հետևանքով: Արցախում COVID 19 վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ապրիլի 7–ին, իսկ մայիսի 28–ի դրությամբ Արցախի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով՝ այստեղ գրանցվել է 38 դեպք:

«Միջազգային ճգնաժամային խմբի»՝ «COVID 19–ի մարտահրավերը հետխորհրդային անջատված պետություններում» զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածում արձանագրվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կառույցն է, որը կարող է օգնություն տրամադրել Արցախում ապրող մարդկանց, սակայն անգամ այդ օգնությունը խիստ սահմանափակ է:

Համաճարակի արդյունքում ի հայտ եկած խնդիրները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկա հստակ սահմանված գործիքակազմ չճանաչված տարածքներում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» ապրող ժողովուրդների հետ աշխատանքներ տանելու համար, հատկապես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ: Սակայն հստակ է, որ այս գոտիներում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ ճանաչված պետություններում ապրողները: Չէ՞ որ մարդու իրավունքներն ունիվերսալ են՝ անկախ տարածաշրջանի կարգավիճակից: Համաճարակի հետևանքով ի հայտ եկած հարցերը մի փոքր հատվածն են այն բազում խնդիրների, որոնց հետ ամեն օր բախվում են այս տարածքում ապրող մարդիկ:

Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես եղել է մարդու իրավունքների մասին: 1999 թ.–ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Կովկասում խաղաղության գործընթացների՝ շեշտելով, որ «ժողովրդավարության և մարդու իրավունքների ուժեղացումը կարևոր նախադրյալներ են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար»:

Ցավոք, այս դիրքորոշման շարունակականությունը չպահպանվեց և մարդու իրավունքների հետ կապված տեսլականը դուրս մնաց ԵՄ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումից: Դրա մասին է վկայում ԵՄ–ի արձագանքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ: ԵՄ—ի համապատասխան հայտարարությունը նշում է, որ չի ճանաչում ընտրությունների անցկացման սահմանադրական և իրավական շրջանակը՝ մոռանալով խոսել մարդու իրավունքների մասին՝ տպավորություն թողնելով, որ կարծես թե դրանք գոյություն չունեն հակամարտության գոտիներում:

Արցախում ապրող ժողովուրդը ավելի քան երկու տասնամյակ ազատորեն ընթանում է տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղով՝ մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորելով իշխանություններ: Առանց միջազգային որևէ օգնության և Ադրբեջանի շարունակական ռազմական սպառնալիքի վտանգի ներքո՝ Արցախի ժողովրդին հաջողվել է ձևավորել ազատ մամուլ և հասարակական կազմակերպություններ, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են և որ ժողովրդավար պետությունները շատ ավելի են հակված հասնելու իրենց խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Ներկայիս ԵՄ–ն, մարմնավորելով ժողովրդավարական արժեքները, հսկայական ռեսուրսներ է տրամադրում, այդ թվում՝ նաև ֆինանսական, աշխարհի տարբեր անկյուններում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման համար: Բայց որքանո՞վ են դրանք հասանելի հակամարտության գոտնրում ապրող ժողովուրդների համար:Որքա՞ն հասանելի է այդ աջակցությունը նրանց, ովքեր մարդու իրավունքներ են իրացնում Արցախում: Արդյոք ժողովրդավարությունները պետք է անտեսվեն միայն իրենց կարգավիճակի կամ թվացյալ քաղաքական կոռեկտության համար:

Թեև չկա հստակ թիվ, բայց մոտավոր հաշվարկներով աշխարհում չճանաչված տարածքներում բնակվող մարդկանց թիվը հասնում է 100 միլիոնի: Այդ տարածքներից շատերում փաստահավաք գործունեության իրագործման արգելքները ևս մեծ խոչընդոտ են միջազգային կառույցների համար այդտեղ ապրող մարդկանց ստույգ թվաքանակի և նրանց կենսական կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար: Այս ամենը գալիս է փաստելու, որ այդ տարածքների նկատմամբ այսպիսի քաղաքականությունը պետք է իրապես վերանայվի:

Փաստացի, COVID 19–ը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ միջազգային հանրությունը պետք է մշակի նոր, ճկուն գործիքակազմ չճանաչված տարածքներում աշխատելու, հանրային առողջությունը պաշտպանելու և ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար: Պետք է տեղի ունենա ժողովրդավարության՝ գոյություն ունեցող մեխանիզմների ադապտացիա և տեղայնացում՝ անկախ տարածքի կարգավիճակից: Դրա հետ զուգահեռ, պետք է դադարեցնել այդ տարածքներում ապրող մարդկանց միջազգային շրջափակումը՝ տրամադրելով նրանց հարթակներ նաև միջազգային կառույցներում, որպեսզի այդ ժողովուրդների ձայնը չմնա լռեցված, այլ դառնա լսելի, իսկ նրանց հետ առնչվող խնդիրների լուծումը՝ հնարավոր:

Ընտրություն պետք է կատարվի.Արդյո՞ք պաշտպանել բոլոր ժողովրդավարությունները՝ անկախ դրանց ճանաչված կամ ոչ ճանաչված լինելու հանգամանքից, թե՞ լեգիտիմացնել բռնապետական վարչակարգերը, որոնք միջնադարյան ոճի սահմանափակումներ են դնում մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ: Համաճարակը լրացուցիչ պատճառ հանդիսացավ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ունիվերսալ բնույթին և վերանայելու մեր մոտեցումները չճանաչված տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հավատում եմ, որ հետհամաճարակային աշխարհը չունի այլընտրանք, քան լինել ավելի ներառական բոլորի համար:




Լրահոս