Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարությամբ էր հանդես եկել։ Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է: Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը։
Այս հայտարարությունների շուրջ մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որտեղից հայտնեցին․ «Այս հարցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ մեկնաբանությամբ հանդես եկել է»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:
«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:
Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:
«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:
Նաիրա Հովհաննիսյան