ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվելեն Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:
Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում (Սասունցի Դավիթ կայարան)։
Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինը երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ: Կայարանի տնօրինությանը տրվել էին պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։
Մայիս 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ, բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: