ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՕՐ ՉԻ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով  ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ եւ շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, եւ նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, եւ առաջիկայում կներկայացվեն: Տեխնիկական խնդիրներ եղել են, եւ մենք ի սկզբանե էլ ասել էինք, որ բազան չափազանց հին է եւ առաջացնում է խնդիրներ», – նշեց Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետեւեն։

Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո` 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

 

 

 

Դեռեւս փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել: Այդ հրապարակային դիմումից անցել է 3 ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որեւէ նորություն չկա: Ավելին, նա շարունակում է աշխատել եւ պարգեւատրումներ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց. «Կապված կորոնավիրուսային վարակի առաջացրած բարդությունների եւ արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ՝ Երեւան համայնքի բյուջետային մուտքերի եւ ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է առաջացրել քաղաքային իշխանության, հատկապես՝ ֆինանսական բլոկի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումը առժամանակ հետաձգվել է»: Այսպիսով, ստացվում է, որ Հայկ Սարգսյանը չուզելով, դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, դեռ շարունակում է աշխատել եւ յուրաքանչյուր ամիս նաեւ պարգեւավճար է ստանում: Այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգեւավճար, իսկ ապրիլին էլ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել էին յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որեւէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»:

 

 

Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած վենդետայի հետ կապված, որը դրսեւորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով եւ վիրավորների պարանոցները կտրելով,  կարելի է ասել, մտել է փակուղի։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։ Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո կրքերը չէին հանդարտվել, եւ Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, եւ ջարդուփշուր էին արել հիվանդանոցի գույքը, որից հետո կտրել էին հիվանդանոցում պառկած մարդկանցից երկուսի պարանոցը։

 

28




Լրահոս