ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց 2020-ի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

 

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի եւ Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային եւ տեղական շահառուներին, աջակցել Թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը եւ գործարկմանը գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը ընտրված ֆերմերների եւ ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի եւ Արմավիրի մարզերում առնվազն 2000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով կոոպերատիվների եւ ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաեւ գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված եւ ժամանակակից ոռոգման սարքավորումների եւ տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին եւ ֆերմերների խմբերին: Ծրագրի շրջանակներում տրամադրվելու են նաեւ համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման եւ սարքավորումներով ապահովման համար: Ծրագիրը կաջակցի նաեւ Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման եւ կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր:

 

 

ՏԱՆԻՔԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ գարնանային հորդառատ անձրեւներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել: «Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց եւ ամբողջ հողը ներքեւ թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որեւէ գործ չենք ձեռնարկում, որովհետեւ տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն: Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի եւ կնոջ հետ արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքը եւ լուրջ տագնապ է ապրում մինչեւ իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաեւ նկարահանման պահին: Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: «Վիվա-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ մինչեւ տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող եւս մեկ ընտանիք կազատվի տարիների խնդրից: Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թեւ ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչեւ նպատակի իրականացումը զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն կրթություն է ստանում՝ նաեւ օրինակ ծառայելով աղջիկներին:

 

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Երեկ կառավարության նիստում քննարկվել է մի նախագիծ, որը նաեւ վերաբերում էր գույքահարկի ավելացմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ, այո, գույքահարկն ավելանալու է: «Բայց առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Եթե այսօր նայում ենք այդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի բաղադրիչ նույնպես կա: Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու, ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները»,-նկատեց Փաշինյանը:

 




Լրահոս